Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Կուրսովան հաղթանակ տարան
Հայաստանի շախմատիստուհիներ Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Կուրսովան շարունակում են պայքարը Եվրոպայի չեմպիոնի կոչման համար: Ռումինիայում ընթացող կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրում մեր երկու շախմատիստուհիները հաղթեցին իրենց մրցակիցներին եւ բարելավեցին մրցաշարային գործերը: Լիլիթ Մկրտչյանն այժմ 4,5 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը, իսկ Մարիա Կուրսովան 4-ով գտնվում է 19-րդ հորիզոնականում: Այսօր նախատեսված 7-րդ տուրում Հայաստանի հավաքականի երկրորդ համարը սեւերով կմրցի Շոտլանդիան ներկայացնող վրացի շախմատիստուհի Քեթեւան Արախամիա-Գրանտի հետ, որը 5-րդ տուրում հաղթել էր Մարիա Կուրսովային: Վերջինս այսօր կհանդիպի լիտվացի Դայմանտե Դաուլիտեի հետ: Առաջնությանը մասնակցող մեր մյուս երկու շախմատիստուհիները՝ Լիլիթ Գալոյանն ու Մարիա Գեւորգյանը, վաստակել են 2,5 միավոր եւ բաժանում են 83-86-րդ տեղերը: Նրանք արդեն բավականին ետ են մնացել առաջատարներից, ուստի պետք է աշխատեն բարձրացնել լոկ իրենց վարկանիշը: