Իտալիայի հավաքականը հաղթանակ կորզեց Շվեդիայից
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 8-րդ օրը մեկնարկեց Ե խմբի Իտալիա – Շվեդիա հանդիպումով: Խաղը հիմնականում անցավ դանդաղ, միապաղաղ պայքարում եւ թվում էր, որ թիմերը համաձայն են գոլազուրկ ոչ-ոքիի: Սակայն իտալացի ֆուտբոլիստները խաղի վերջին րոպեներին կտրուկ ակտիվացան եւ մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին: Մի դեպքում շվեդներին օգնության հասավ դարպասաձողը, բայց ահա 88-րդ րոպեին Էդերի հարվածը, այնուամենայնիվ, հասավ իր նպատակին: Իտալիայի հավաքականը մնացած ժամանակում պահպանեց մեկ գոլի առավելությունը: Այդպիսով, իատալացիները տարան երկրորդ անընդմեջ հաղթանակը, վաստակեցին 6 միավոր եւ ժամանակից շուտ նվաճեցին 1/8 եզրափակիչ փուլի ուղեգիր: Այս խմբի երկրորդ հանդիպումը տեղի կունենա վաղը, հունիսի 18-ին: Բելգիայի հավաքականը, որը առաջին տուրում պարտություն էր կրել Իտալիայից, կմրցի Իռլանդիայի հետ, որը մեկ միավոր է վաստակել Շվեդիայի հետ խաղում: