Բասկետբոլի Հայաստանի հավաքականը մեկնել է Մոլդովա
Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը մեկնել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւ, որտեղ հունիսի 28-ից մինչեւ հուլիսի 3-ը տեղի կունենա Եվրոպայի փոքր երկրների առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, մեր թիմը հանգրվանել է «Կորդու» հյուրանոցում: Այսօր Տիգրան Գյոկչյանի սաները վերջին մարզումը կանցկացնեն մեկնարկից առաջ: Հայաստանի հավաքականն ընդգրկված է առաջնության B ենթախմբում: Հունիսի 28-ին մերոնք կխաղան դաշտի տերերի թիմի դեմ, հաջորդ օրը կմրցեն Անդորայի, իսկ հունիսի 30-ին՝ Ուելսի ընտրանու հետ: Խմբում առաջին երկու տեղերը գրաված թիմերը կմտնեն կիսաեզրափակիչ եւ կշարունակեն պայքարն առաջին տեղի համար, իսկ մնացած երկուսը կվիճարկեն 5-8-րդ տեղերը: Նշենք, որ Անդորայի հավաքականը նախորդ երկու առաջնությունների հաղթողն է: Հայաստանն առաջին անգամ է մասնակցում նման մրցաշարում: