«Մեր թիմը շատ չի տարբերվում սիրողականներից». Աբրահամ Խաշմանյան (տեսանյութ)
Երեւանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հանգիստ է վերաբերվում չեմպիոնների լիգայի իր նորամուտին: «Հանդես ենք գալիս ամենացածր փուլում, ուստի դրանք սովորական խաղեր են: Այլ բան էր, եթե մտած լինեինք խմբային փուլ կամ կիսաեզրափակիչ», - երեւանյան վերջին մարզումից հետո «Ա1+»-ի մարզական լրագրողին ասաց ալաշկերտցիների մարզիչը: Փորձառու մասնագետին անգամ չի ուրախացրել այն փաստը, որ իրենց մրցակից է բաժին հասել Անդորայի «Սատա Կոլոման», որը սիրողական մակարդակի թիմ է: «Սանտա Կոլոման» հիմնականում համալրված է Անդորայի հավաքականի ֆուտբոլիստներով, որոնք միջազգային խաղերի փորձ ունեն: Կա նաեւ իսպանացի ֆուտբոլիստ: Մենք չպետք է մտածենք, որ նրանք սիրողական ֆուտբոլիստներ են եւ զիջում են մեզ: Մեր թիմը շատ չի տարբերվում սիրողականներից, այնպես որ, մեր եւ անդորացիների շանսերը հավասար են»: Աբրահամ Խաշմանյանը նորմալ է համարում «Ալաշկերտի» նախապատրաստական փուլը, սակայն դեռեւս մտահոգված է ֆուտբոլիստների մարզավիճակով: «Մեր ֆուտբոլիստները երբ վերադառնում են արձակուրդից, լրիվ զրոյական մարզավիճակում են գտնվում: Շուտով խաղալու ենք չեմպիոնների լիգայում, իսկ կարճ ժամանակում հնարավոր չէ նրանց հասցնել օպտիմալ վիճակի: Սակայն թիմի առջեւ նպատակ է դրված հաղթահարել առաջին արգելքը: Կաշխատենք կատարել այդ առաջադրանքը», - եզրակացրեց Աբրահամ Խաշմանյանը: Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» չեմպիոնների լիգայի որակավորման փուլի առաջին հանդիպումը անցկացնելու է այսօր, Անդորայում, որտեղ հանդիպելու է այդ երկրի չեմպիոն «Սանտա Կոլոմայի» հետ: Խաղը կսկսի Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին: