Անգլո-իսպանական հակամարտություն Երեւանում
Երեւանի «Բանանցն» այսօր կանցկացնի առաջին հանդիպումը ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փուլի շրջանակում: Հայաստանի գավաթակիրը «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Կիպրոսի անցած առաջնության 4-րդ տեղի թիմին՝ Նիկոսիայի «Օմոնիային»: Կողմերի մարզիչները խաղից առաջ, ավանդույթի համաձայն, հանդիպեցին լրագրողների հետ: «Բանանցի» իսպանացի գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն խոսելով մրցակցի մասին ասաց. «Օմոնիան» շատ ուժեղ թիմ է, բայց պետք է հաշվի առնել ժամանակը: Ամեն ինչ կախված է մեզանից եւ մենք փորձելու ենք դրական արդյունքի հասնել»: «Օմոնիայի» անգլիացի գլխավոր մարզիչ Ջոն Կարվերը գնահատելով «Բանանցի» շանսերը, ասաց հետեւյալը. «Բանանցում» աշխատում են իսպանացի մասնագետներ, որոնք սիրում են կոմբինացիոն ֆուտբոլ խաղալ: Լավ ուսումնասիրել ենք մրցակցին եւ գիտենք ուժեղ ու թույլ կողմերը: Մենք խաղում ենք մեր հավատարիմ երկրպագուների համար եւ պայքարելու ենք մինչեւ վերջ հաջորդ փուլ մտնելու համար»: Այդպիսով, «Բանանց» - «Օմոնիա» հանդիպումը վերածվել է անգլո-իսպանական յուրատեսակ հակամարտության: Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են կիպրոսյան թիմին, որը եվրոգավաթներում խաղալու մեծ փորձ ունի: Մասնավորապես՝ անցած խաղաշրջանում «Օմոնիան» հաղթահարել էր Եվրոպայի լիգայի առաջին երկու փուլերը եւ միայն երրորդում էր զիջել դանիական «Բրոնդբյուին», այն էլ սեփական դաշտում բաց թողած գոլերի պատճառով (0:0, 2.2): «Բանանցը» Եվրոպայի լիգայում շատ վաղուց է հանդես եկել, ընդ որում թիմն այդ մրցաշարի շրջանակում դեռեւս հաղթանակ չի տարել սեփական դաշտում: Հիշեցնենք, որ «Բանանց» - «Օմոնիա» խաղը կմեկնարկի ժամը 20:00-ին: Հանդիպումը կսպասարկի Խորվաթիայի մրցավարական խումբը՝ Մարիո Զեբեցի գլխավորությամբ: