Աշխարհի գավաթի մրցումներ՝ Թեղենիս լեռան գագաթին (տեսանյութ)
Հուլիսի 13-19-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի պարապլաներային սպորտի աշխարհի գավաթի նախնական միջազգային մրցաշար: Այն կանցկացվի Բուժական գյուղի հարեւանությամբ գտնվող Թեղենիս լեռան գագաթին: Այսօր «Սպուտնիկ» մամուլի ակումբում կայացած ասուլիսում Հայաստանի պարապլաներային ֆեդերացիայի նախագահ Արմեն Սարգսյանը հայտնեց, որ այս տարի մրցաշարին կմասնակցի 184 օդաչու: «Մրցումներին առավելագույնը կարող է մասնակցել 150 հոգի, իսկ մնացածը պարզապես ազատ թռիչքներ կկատարեն», - ասաց նա, որը եւ մասնակցելու է մրցաշարին, բացի այդ լինելու է մրցավարներից մեկը: Լրագրողների այն հարցին, թե քանի օդաչու է մասնակցելու Հայաստանից, Արմեն Սարգսյանը ցավով նշեց, որ ընդամենը չորս մարզիկ: «Մարզաձեւը զարգացնելու համար պետական աջակցություն է պետք, քանի որ ամենաէժան պարապլաներն արժե 2000 եվրո, իսկ դա ոչ բոլորը կարող են ձեռք բերել: Իսկ սովորել պարապլանով թռչել, բայց չունենալ սեփական պարապլանը, իմաստ չունի: Բացի ֆինանսական միջոցներից, պարապլաներիստը նաեւ պետք է շատ ազատ ժամանակ ունենա, որպեսզի լավ եղանակի ժամանակ անմիջապես բարձրանա լեռներ եւ մարզում անցկացնել», - նշեց ֆեդերացիայի նախագահը: Ինչ վերաբերում է այս մրցաշարի նպատակին, ապա Արմեն Սարգսյանը ասաց, որ իրենք խնդիր են դրել դրա միջոցով գովազդել մեր երկիրը՝ որպես պարապլաներային սպորտով զբաղվելու ամենալավ եւ մատչելի երկիր: