ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ԱՆՈՒՄ ԽԵՂՎԱԾ ՀԱՆՔԱԳՈՐԾՆԵՐԸ
Աջակցիր «Ա1+»-ին«Ողորմություն չենք խնդրում, մենք պահանջում ենք մեր հասանելիք գումարները»,- ասում են կապանցի նախկին հանքագործներ Իլյա Բարսեղյանը եւ Վլադիմիր Հովսեփյանը, որոնք երեկվանից հացադուլ են անում Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում: Նրանք, ինչպես նաեւ 170 կապանցիներ, զրկվել են աշխատանքային խեղման թոշակից: «Դինո գոլդ մայնինգ քամփնիի»` Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի նախկին աշխատակիցները` հաշմանդամ հանքագործները, մեկ տարի ութ ամիս է փոխհատուցում չեն ստանում։
Ընկերության ղեկավարությունը հրաժարվում է վճարել այդ գումարները` պատճառաբանությամբ, թե իրենց տնօրինության օրոք չեն հանքագործները խեղում ստացել:«Դինո գոլդ մայնինգ քամփնիի» սեփականատերը հրաժարվել է նաեւ կոլեկտիվ պայմանագիր կնքել ընկերության արհեստակցական կազմակերպության հետ։ Լեռնագործները չեն կարող այլ կերպ լուծել իրենց խնդիրը եւ ստանալ գոնե 15000 դրամ թոշակը: Հայաստանում դեռեւս չի ընդունվել «Աշխատանքային խեղման մասին» օրենք եւ աշխատանքային խեղում ստացածները չեն կարող դիմել օրենքի օգնությանը:
Կապանի հրապարակում հացադուլ անող հանքագործները հայտարարում են, որ իրենք հացադուլ կանեն այնքան ժամանակ, քանի դեռ չի վերականգնվել իրենց իրավունքը: Սա վերջին տարիների ընթացքում երկրորդ դեպքն է, երբ Կապանում հացադուլ են անում խեղված լեռնագործները:
Կապանի «Սոսի» ՀԸ