ՀՈՂԸ ՏԱՐԱՎ ՊԱՐՏՔԱՏԵՐԸ
Աջակցիր «Ա1+»-ինՇիրակի մարզի Շիրակ գյուղը դժվար ժամանակներ է ապրում: Համայնքապետի խոսքերով 1988-ի երկրաշարժից հետո գյուղում քիչ բան է փոխվել: 90-ականների սկզբներին կառուցված տնակային թաղամասի բնակիչները չեն կարողանում օգտվել սեփականաշնորհման իրավունքից, գյուղապետի խոսքերով՝ գործկոմի սխալ որոշման պատճառով:
Գյուղատնտեսությամբ զբաղվելն այստեղ արդյունավետ չէ: Հողը ոչ միայն բերրի չէ, այլ արդեն շիրակցունն էլ չէ: Նրանցից շատերը վարկ են վերցրել՝ հողը մշակելու նպատակով, սակայն սպասելիքները չեն արդարացել:
310 տնտեսություն, 1200 բնակիչ ունեցող այս համայնքի շատ անդամներ չեն կարողացել վերադարձնել վարկը: Արդյունքում բանկը վերցրել է գրավադրված հողերը:
Գյուղի ընդհանուր պարտքն հարկերի դիմաց հասել է մոտ 85 միլիոն դրամի: Գյուղապետ Կարեն Հարությունյանի հավաստմամբ, շատ ծրագրեր են եղել, որոնց իրականացման դեպքում սոցիալական վիճակը որոշակիորեն կարող էր թեթեւանալ:
Վերջերս խմելու ջրի համակարգը հիմնովին փոխելու ծրագրի առաջարկ էր եղել, որի իրականացման համար համայնքը պետք է կամ անհրաժեշտ ծախսերի 10 տոկոսը մուծեր, կամ սատարեր ֆիզիկական անվճար աշխատանքով։
Երկու տարբերակներն էլ գյուղացիների կողմից արժանացել են անտարբերության:
Բարվոք չէ նաեւ ոռոգման համակարգը: Բետոնյա տաշտակները չեն մաքրվել երեւի գոյության օրվանից: Արդյունքում այն ամբողջովին տիղմապատվել է եւ լցվել զանազան կենցաղային աղբով: Ոռոգման ջրի աղբի մեջ առկա են նաեւ կենդանիների փտած մնացորդներ։
Գյումրիի «Ցայգ» Հ/Ը