ՆՈՐՈԳՎՈՒՄ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ
Աջակցիր «Ա1+»-ինՎերջին 15 տարիներին Գավառ- Գեղարքունիք 12.5 կմ միջհամայնքային նշանակության ճանապարհը երբեւէ չէր վերանորոգվել եւ դա էր պատճառը, որ վարորդները երթեւեկության ընթացքում գործի էին դնում իրենց ամբողջ հնարամտությունները` երթեւեկելի դարձնելով նույնիսկ հետիոտների համար նախատեսված ճանապարհահատվածը:
2006 թ ապրիլ ամսից «Գյուղական տարածքների տնտեսության զարգացման» ծրագրի ֆինանսավորմամբ սկսվեց Գանձակ - Սարուխան- Լանջաղբյուր- Գեղարքունիք` 10.6 կմ ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքները: Ծրագրի պատվիրատուն ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն է :
Երկու կողմերի միջեւ ստորագրված համաձայնության արդյունքում ծրագրի իրականացմանը իրենց ներդրումներով` 10 տոկոսի չափով պետք է աջակցեն նշված համայնքները: Ճանապարհաշինարարական աշխատանքներն իրականացնում է Գավառի «Ճանշին» ԲԲԸ-ն: Ինչպես նշում է գլխավոր ինժեներ Բաղդասար Նազեյանը` այժմ նրանք կատարում են փոսային հարթեցումներ եւ նորոգումներ, մաքրվել եւ բացվել են ջրատար առուները, որից հետո այս ամբողջ ճանապարհը կծածկվի միաշերտ ասֆալտբետոնե` 4 սմ հաստությամբ ծածկույթով: Ճանապարհաշինարարական աշխատանքներում ընդգրկված են 100 մարդ` 100 000 միջին աշխատավարձով: Գործի է դրվել ավելի քան 20 միավոր տեխնիկա:
Ծրագրի արժեքը կազմում է 536 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Վերանորոգումն իրականացնող կազմակերպության ղեկավարությունը վստահեցնում է, որ խոչընդոտներ չառաջանալու դեպքում 2006 թվականի հոկտեմբեր ամսին կունենանք բարեկարգված եւ հիմնովին ասֆալտապատված միջհամայնքային ճանապարհ:
Գավառի «Քյավառ» հ/ը