ՀՀ-ն ՈՒ ԼՂՀ-ն` ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԳերմանական «Կուլտուր ակտիվ» միավորումը, որի նպատակն է համագործակցումը գերմանացի եւ օտարերկրյա մշակութային գործիչների հետ, մեկ ու կես տարի է՝ աշխատում են նաեւ հայաստանյան հասարակական կազմակերպությունների հետ:
Այս ընթացքում Հայաստանում հասցրել են իրականացնել շուրջ յոթ երաժշտական, մշակութային նախագծեր, որոնք հայկական կողմի երաժշտության պրոդյուսեր Արման Բադարյանի խոսքերով, բավականին արդյունավետ են եղել: Իսկ մեկ ու կես ամիս առաջ Գերմանիայում լույս է տեսել «Սուրբ Պատարագի» ձայներիզը, որը 800 օրինակով տարածվել է ամբողջ աշխարհում: «Կուլտուր ակտիվ»-ի շրջանակներում Երեւանում է գտնվում նաեւ գերմանական էլեկտրոնային ավանգարդ «Սկարոլոջի» ռոք խումբը, որը համերգային ծրագրով պատրաստվում է հանդես գալ երեւանյան ակումբներից մեկում: Իսկ նախորդ տարվա սեպտեմբերին հայկական «MDP» ռոք խումբը, որը նրանց կողմից համարվել էր լավագույնը, հրավիրվել էր Դրեզդեն, իսկ նրանց ելույթը մեծ արձագանք էր ունեցել գերմանացի հասարակության շրջանում:
Երկու օր առաջ «Կուլտուր ակտիվի» անդամները վերադարձել էին Լեռնային Ղարաբաղից, որտեղ հանդիպել էին մշակույթի, արտգործ նախարարների, երիտասարդության հետ եւ պատրաստվում են նկարահանել վավերագրական ֆիլմ: Ինչպես վստահեցնում են կազմակերպիչները, ֆիլմը չի ունենալու սուր քաղաքական ենթատեքստ, թեեւ ֆիլմի համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու նպատակով նրանք դիմել էին նաեւ ԼՂՀ արտգործնախարարին:
«Քաղաքական հարցեր լուծելու համար չէ, որ եկել ենք այստեղ, այլ ունենք մշակութային գործունեության նպատակներ: Մեզ հետաքրքրում է՝ տեղի երիտասարդության նախասիրությունները, պատերազմից հետո ԼՂՀ-ում ինչպիսի զարգացումներ են եղել տնտեսական, արտաքին գործերի բնագավառներում: Այս նպատակով ֆիլմի ռեժիսոր Թոմաս Այխբեթի գլխավորույթամբ եղել ենք Մարտակերտում, Շուշիում, Ստեփանակերտում եւ այլ վայրերում, որտեղից հնարավոր էր հետաքրքիր տեղեկություններ հավաքել երիտասարդության եւ մշակույթի վերաբերյալ»,-ասում է «Սկարալոջի» ռոք խմբի եւ «Կուլտուր ակտիվի» գլխավոր տնօրեն Միրկո Զենեվալդը:
Ֆիլմի ստեղծագործական խումբը բաղկացած էր գերմանացի հինգ լրագրողներից, որոնք ֆիլմից բացի պատրաստելու են նաեւ սյուժեներ Լեռնային Ղարաբաղի մասին, որոնք էլ կներկայացվեն գերմանական եւ եվրոպական մի շարք առաջատար զանգվածային լրատվամիջոցներով: Ֆիլմը դեռ վերնագիր չունի: Գերմանիայում միայն վերջնական տեսքի բերելուց հետո կորոշվի այն:
Իսկ թե ինչու էր Հայաստանն ու Ղարաբաղը հայտնվել գերմանական ՀԿ-ի ուշադրության կենտրոնում, Միրկո Զենեվալդը նշեց, որ իրենք արդեն համագործակցում են եվրոպական եւ նախկին սովետական շուրջ 25 երկրների հետ, իսկ սա իրնեց հերթական այցելությունն է: