Երբ ֆոտոխցիկը Բաղդասարյանների ձեռքին է (տեսանյութ)
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը փոխեց լուսանկարիչների կյանքը։ Մինչև թվային դարը լուսանկարը ծնվում էր հատուկ լաբորատորիայում՝ ոչ սովորական պայմաններում։ 1968թ-ից լուսանկարչությամբ զբաղվող, ներկայումս «Ֆոտոլուր» գործակալության ղեկավար Մելիք Բաղդասարյանն ականատեսն է այդ զարգացումների։ Նրա՝ Երեւանի քիմիական տեխնիկումի շինարարության ժամանակ արված առաջին պրոֆեսիոնալ լուսանկարը տպվել է «Երեկոյան Երևան» թերթում։ Հայաստանում Ֆոտովավերագրության հիմնադիր Նեմրութ Բաղդասարյանի որդին դեռ այն ժամանակվանից գիտեր տեսախցիկի ոչ սովորական կարողության մասին։ «Առաջին ֆոտոխցիկ ունենալու համար ես առանձնապես մեծ մտածելու բան չեմ ունեցել, և իմ բախտը բերել է իմ առաջին ֆոտոխցիկը եղել է բավականին լավը՝ NIKON ապարատ, որը պատկանում էր հորս»,-ասում է նա։ «Ֆոտոլուրը» Հայաստանում սկսել է գործել 2002 թվականից, հիմնադրել է նրա եղբայրը՝ ոչ պակաս հայտնի լուսանկարիչ Հերբերտ Բաղդասարյանը։ Ի սկզբանե նպատակ է եղել նաև վիդեոլուրեր թողարկել, սակայն տեխնիկական խնդիրները դա թույլ չեն տվել։ Գրասենյակում առանձանհատուկ տեղ են զբաղեցնում հատկապես երկու լուսանկար։ «Նկարի անունն է «Թոռնիկի վերադարձը». 1975 թվականին Բեռլինում կայացավ «Ինտերպրեսսֆոտո-75» ֆոտոմրցանակաբաշխություն, որտեղ Հերբերտ Բաղդասարյանն իր մտերիմ ընկեր Ռուդիկ Հակոբյանի հետ միասին արժանացան Գրան Պրի մրցանակի։ Երկրորդը «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ է կատարվել, ինքը ոնց որ մի ակնթարթի մեջ պատկերված լինի ամբողջ ելևէջները, կատարվածը Բաղրամյան փողոցում»,- պատմում է նա։ Ֆոտոլրագրությամբ են զբաղվում նաև Մելիք Բաղդասարյանի որդիները՝ Վահրամն ու Հայկը։ «Տանը լաբորատորիա ունեինք, դա մեր խաղալու տեղն էր, համ էլ դե կողքից նայում էինք։ Նկարում էինք պապայի հետ, պապայի պլյոնկեքը մինչև էդ փչացնում էինք, պարտադիր էր էլի»,- պատմում է Հայկը։ Հայկը նշում է՝ մեկ լուսանկար ստանալու համար հաճախ ստիպված է բավականին ծանր օր անցկացնել։ Ի դեպ, այս օրը Հայկի ու մյուս լուսանկարիչների համար առանձնահատուկ է։ Օգոստոսի 19-ը լուսանկարի համաշխարհային օրն է։ 1839 թվականի հենց այս օրը ֆրանիսացի Լուի Ժակ Մանդե Դագերին հասարակությանը ներկայացվել լուսանկարներ տպելու մեթոդը՝ դագերոտիպը։