Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղավնաձորցի երեխաներն այսօր հին հագուստով են գնացել դպրոց

Հասարակություն
axavnadzor

«Աղավնաձորցի երեխաներն այսօր դպրոց են գնացել անցած եւ նախանցած տարվա հագուստով»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց գյուղի բնակիչ Սմբատ Ղազարյանը: Նրա խոսքով, թեեւ աղավնաձորցիները որոշել էին փակել դպրոցն այնքան ժամանակ, մինչեւ «Վեդի Ալկոն» վճարեր մթերված խաղողի ամբողջ գումարը, սակայն երեկ մարզպետի եւ ընկերության սեփականատիրոջ հետ հանդիպումից հետո որոշել են սպասել: «Մարզպետը մեզ խոստացավ, որ սեպտեմբերի 1-ից սկսած՝ 10-15 օրվա ընթացքում, պետք է վճարեն ամբողջ գումարը: Դրանից հետո մենք համայնքում ժողով արեցինք եւ որոշեցինք հավատալ մարզպետի խոսքերին, բայց նրան զգուշացրել ենք՝ եթե մինչեւ սեպտեմբերի 15-ը մեր գումարը տված չլինեն, թող Աղավնաձորում այլեւս չերեւա, քանի որ մենք մեր քայլերի համար պատասխան չենք տա», -նշեց Սմբատ Ղազարյանը: Միայն Սմբատ Ղազարյանին «Վեդի Ալկոն» պարտք է 1 միլիոն 200 հազար դրամ: Նա երկու երեխա ունի, որոնք սովորում են 3-րդ եւ 4-րդ դասարաններում: Գումար չունենալու պատճառով Սմբատը չի կարողացել անգամ երեխաների համար գրենական պիտույքներ գնել. «Որոշեցինք, որ երեխաները հին շոր ու կոշիկով գնան դպրոց: Այդ նրանք են, որ բան չեն հասկանում, մեզ դրել են գյուղացու տեղ, բայց մենք էլ հասկանում ենք, որ մեր երեխաների ապագայի հարցն է»,-եզրափակեց նա: Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Աղավնաձորի դպրոցում չի հնչել առաջին զանգը, քանի որ գյուղացիները գումար չունենալու պատճառով երեխաներին որոշել էին դպրոց չուղարկել: