Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապագա կուրսեցիներն իրար գտել են Ֆեյսբուքի միջոցով

Հասարակություն
jurfak

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2016թ.-ի առաջին կուրսում ուսումնական տարվա առաջին օրն արդեն բոլորն իրար ճանաչում էին։ Ապագա լրագրողներն իրար ծանոթ են դեռևս հունիսի 28-ից, երբ դիմորդի կարգավիճակով մասնակցում էին ընդունելության քննություններին։ Կուրսի մի քանի ուսանողներ հունիսի 29-ին Ֆեյսբուք սոցիալական կայքում ստեղծել են «Ժուռնալիստիկա» խումբը, իսկ հետո սկսել իրենց ապագա կուրսեցիներին գտնելու և նրանց հետ ծանոթանալու աշխատանքները։ «Ստեղծագործական աշխատանք քննության օրը ծանոթացա ինձ հետ միասին քննություն հանձնող մի քանի դիմորդի հետ ու որոշեցինք մինչև ուսումնական տարվա սկիզբը գտնել ու մեկ վայրում համախմբել նաև մեր մյուս ապագա կուրսեցիներին»,- ասում է խմբի հիմնադիր Մուշ Կուրեխյանը։ Երկու ամսվա ընթացքում Մուշեղին և իր ընկերներին հաջողվել է սոցիալական ցանցի միջոցով գտնել և խմբում ներառել ֆակուլտետի գրեթե բոլոր դիմորդներին, որոնք անգամ քննությունների ընթացքում ֆեյսբուքի միջոցով փոխանակել են քննության նյութերը։ «Կուրսեցիներիս մի մասին ծանոթ էի դեռ տարվա սկզբից, հետո` արդեն ընդունելության քննությունների ժամանակ, ընկերներս տեղեկացրին խմբի մասին ու ծանոթությունը մեծացավ, ինչի արդյունքում էլ սեպտեմբերի մեկին, ի տարբերություն մյուսների, մենք մեծ մասամբ ճանաչում էինք իրար, ու այն լարված մթնոլորտը, որ լինում է սովորաբար, մեզ մոտ բացակայում էր»,- մեզ հետ զրույցում ասաց առաջին կուրսի ուսանողուհի Միլենա Խաչիկյանը։ Առաջին կուրսեցիները համացանցում ունեն նաև իրենց մասին պատմող բլոգը, որտեղ ներկայացված են ուսանողների ինքնակենսագրական նյութերը։ «Բլոգի ստեղծման գաղափարն առաջացավ խումբը ստեղծելուց մոտ մեկ ամիս անց։ Որոշեցինք հանրությանը ներկայացնել մեզ՝ ապագա լրագրողներիս, ծանոթացնել մեր կենսագրությանը և նախասիրություններին։ Բլոգն արդեն ներկայացրել ենք համալսարանի դասախոսներին և ֆակուլտետի Ուսանողական խորհրդին» - պատմում է Մուշեղը։ Ապագա լրագրողների խոսքով` իրենք պատրաստվում են դառնալ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի պատմության մեջ ամենամիասնական կուրսերից մեկը։