Կթվայնացվեն Սարյանի, Սևակի, Իսահակյանի ձայները (տեսանյութ)
Ազգային արխիվում 2010 թ-ից իրականացվում են պահպանվող նյութերի թվայնացման աշխատանքներ: Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի խոսքերով, դա չի նշանակում, թե իրենք հրաժարվում են փաստաթղթերից, լուսանկարներից կամ ժապավեններից: Այդ նյութերը կշարունակեն պահպանվել արխիվում: Թվայնացումը ինքնանպատակ չէ, դրանով արխիվում փորձում են լուծել երկու խնդիր. նախ՝ այդպիսով լուծվում է նյութերի պահպանման խնդիրը, թղթին եւ ժապավեններին այլեւս ձեռք չեն տա, դրանք կկոնսերվացվեն: Ապա նաեւ՝ տեղեկությունը կարողանում են գտնել շատ ավելի արագ: Ազգային արխիվում պահվում է ավելի քան 350 մլն փաստաթուղթ: Տարեկան թվայնացվում է 200 հազար փաստաթուղթ։ Առաջնահերթությունը տրվում է ամենից շատ պահանջարկ ունեցող փաստաթղթերին, ինչպիսիք են մարդկանց մասին տեղեկատվությունը: Արխիվի տնօրենը նշում է, որ մարդիկ իրենց տոհմածառը կազմելու համար տեղեկատվություն են հավաքում: Մեծ պահանջարկ ունեցող փաստաթղթերից են նաեւ Հայաստանի առաջին հանրապետության եւ ցեղասպանության հետ կապված փաստաթղթերը: Ա. Վիրաբյանի խոսքերով, թվայնացման համար անհրաժեշտ սարքավորումները, որոնց արժեքը հասնում է 40 հազար դոլարի, 50 հազար եվրոյի, ձեռք են բերել ոչ պետական բյուջեի հաշվին, դրանք անհատների կողմից կատարված նվիրատվություններ են: Այս տարի նախատեսվում է ավարտել վավերագրական ֆիլմերի թվայնացումը, իսկ հաջորդ տարի կսկսեն հեռուստատեսային ֆիլմերի թվայնացման աշխատանքները: «Թվայնացնում ենք նաեւ ձայնագրություններ, մենք ունենք Իսահակյանի, Մարտիրոս Սարյանի ձայները; Դրանք 1940 -50 ական թթ –ի ձայներ են, որոնց պատկերը չկա, սակայն ձայները պահպանվում է: Ունենք գրողների միության համագումարի ձայնագրությունը, որտեղ ելույթ է ունեցել այն ժամանակ գրողների միության նախագահ Պարույր Սեւակը: Դրանք եւս թվայնացնելու ենք, քանի որ եթե ոչ այսօր, ապա վաղը դրանք օգտագործվելու են»։