Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Մարտիրոսյանը ստիպված է վերադարձնել մեդալը. Արեգ Հովհաննիսյան

Սպորտ
martirosyan-tigran-krtser

«Եթե որոշում կա մեդալը վերադարձնելու մասին եւ չի եղել լաբորատոր սխալ, ապա դա այլեւս բեկանման ենթակա չէ: Ուստի, մեր ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը, ում մոտ արգելված նյութեր են հայտաբերել 2008թ Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ, միանշանակ պետք է վերադարձնի իր բրոնզե մեդալը», - «Ա1+»-ի մարզական լրագրողի հետ զրույցում ասաց Հայաստանի հակադոպինգային կազմակերպության ղեկավար, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը: Մեր այն հարցին, արդյո՞ք հնարավոր չէ այդ որոշումը բողոքարկել Լոզանի սպորտային վերաքննիչ դատարանում, փորձառու մասնագետն ասաց, որ դա էլ չի օգնի մեր ծանրորդին. «Մեր մարզիկների մոտ հայտնաբերվել են ոչ բնական նյութեր, որոնք ներարկում են դրսից: Նման դեպքերում պայքարելն անհնար է»: Մեր այն հարցին, թե ո՞վ կամ ովքե՞ր են մեղավոր դոպինգ ստուգման ձախողման համար, Արեգ Հովհաննիսյանը մեջբերեց միջազգային հակադոպինգային կազմակերպության կանոնանդրությունը. «ՎԱԴԱ-ի կանոնների 2.1. կետը նշում է, որ դոպինգի օգտագորման համար մեղավոր է մարզիկը, որովհետեւ նա պետք է տեղյակ լինի, թե ինչ դեղեր են իրեն տալիս կամ ներարկում, անգամ ատամը բուժելիս: Մարզիչն ու բժիշկը նույնպես պատասխանատու են, սակայն գլխավոր մեղավորը միշտ համարվում է մարզիկը»: Արեգ Սարգսյանը նշում է, որ մենք ոչ մի խնդիր չենք ունենա ՎԱԴԱ-ի հետ, եթե մեր բոլոր մարզիկները մտածեն 2016թ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի նման. «Բժիշկները ինչ դեղեր որ նշանակում են նրան, նա առաջին հերթին խորհրդակցում է մեզ հետ՝ արդյո՞ք կարելի է դրանք օգտագործել, թե՝ ոչ: Միայն նման մոտեցմամբ մենք կարող ենք հեռու մնալ դոպինգ սկանդալներից», - եզրակացրեց Հայաստանի հակադոպինգային կազմակերպության պատասխանատուն: