Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԱՎԱՌԱԳԵՏԻՑ ՋՐԱՍՈՒՅԶ ԵՆ ԼԻՆՈՒՄ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարզեր

Գավառագետի այն հատվածը, որն անցնում է Գավառ քաղաքի Հացառատ թաղամասով ամեն տարի գարնանը վարարումների հետեւանքով լուրջ վնասներ է հասցնում գետամերձ տնտեսությունների շինություններին եւ հողամասերին: Գետի այդ հատվածը ժամանակին չմաքրելու պատճառով մայիս ամսից ջուրը սկսեց լուրջ վնաս հասցնել թաղամասի շուրջ 100 տնտեսությունների:

Թաղամասի բնակիչների վկայությամբ, իրենց շինությունների նկուղային հարկերը ծածկվել են շուրջ 1-1.5 մետր ջրի շերտով: Պոմպերով նրանք հեռացնում են ջուրը, բայց քանի որ գետի ջրի մակարդակն ավելի բարձր է, քան իրենց շինությունները, ուստի ջուրը հետադարձ ճանապարհով վերադառնում է: «Մենք ընտանիքներում հերթապահություն ենք սահմանել, որպեսզի երեխաները հանկարծ չխեղդվեն»- նշում է թաղամասի բնակիչ Տիգրան Հակոբյանը:

Գավառի ավագանու անդամները, բնակիչները, ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանը բազմիցս դիմել են մարզային իշխանությանը եւ կառավարությանը: Մեր ունեցած տեղեկությամբ 2006 թվականին պետական բյուջեից Գավառագետի այդ հատվածի մաքրման համար գումար էր հատկացվել, սակայն ինչ-ինչ պատճառներով հարցի լուծումը ձգձգվել էր: Այն վերջապես իր լուծումը ստացավ 2006 թվականի հունիսի 13-ին, երբ մարզ էր այցելել գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը: Այցի հաջորդ օրվանից գործի դրվեց համապատասխան տեխնիկա` գետը մաքրելու համար:

Գավառի «Քյավառ» ՀԸ