A
A
Հենրիխ Մխիթարյանը կարող է խաղալ մանչեսթերյան դերբիում
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հնարավորություն ունի մասնակցելու մանչեսթերյան դերբիին: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսին ասել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մուրինյոն: «Մանչեսթեր Յունայթեդի» բժշկական սենյակում ներկայումս հաճախորդ չկա: Մխիթարյանը կարող է խաղալ «Սիթիի» դեմ: Հենրիխը դեռ պատրաստ չէ 90 րոպե անցկացնել խաղադաշտում, սակայն նա պատրաստ է օգնել թիմին», - պարզաբանել է պորտուգալացի հանրահայտ մասնագետը: Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի կազմում վնասվածք էր ստացել Չեխիայի ընտրանու հետ ընկերական խաղում եւ ստիպված բաց թողել Դանիայի ազգային թիմի ընտրական հանդիպումը: Անգլիայի առաջնության «Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա վաղը, սեպտեմբերի 10-ին, ժամը 15.30-ին: