Խոշորացվող Գորիսում ավագանու միայն մեկ կին թեկնածու է առաջադրվել
Խոշորացված Տաթևի համայնքից հետո Գորիսում ևս երկու խոշորացված համայնքների փունջ կձևավորվի սեպտեմբերի 18-ին կայանալիք ընտրություններից հետո: Գորիսի կազմում հանդես կգան Գորիս, Որոտան, Քարահունջ, Բարձրավան, Հարթաշեն, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Շուռնուխ,Ակներ, Վերիշեն համայնքները: Ձևավորվող 15 հոգուց բաղկացած ավագանու պաշտոնի համար պայքարում է 25 թեկնածու( նախապես 26-ն էին) մեկը ինքնաբացարկ ներկայացրեց: Ավագանու 25 թեկնածուներից մեկը կին է: Իրինա Յոլյանը մասնագիտությամբ լրագրող է։ Նաև Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի անդամ է: Նրա խոսքով՝ իր գործունեության կարևորագույն ոլորտներից մեկը մշտապես եղել է ՏԻՄ գործունեության լուսաբանումը, համակարգին առնչվող խնդիրների բարձրաձայնումը: «2012 թվականին Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամը, իրականացնում էր մի նախաձեռնություն, որի շրջանակներում աջակցում էինք կանանց և խրախուսում նրանց քաղաքական մասնակցությունը: Համակարգելով այդ ծրագիրը, աշխատելով կանանց հետ, նաև վերապատրաստելով երիտասարդ աղջիկներին, լիդերին՝ հասկացա, որ ես էլ կարող եմ ներգրավվել քաղաքականության մեջ»,- ասում է ավագանու թեկնածուն: Կին, թե տղամարդ թեկնածու՝ սեռային խտրականություն Իրինա Յոլյանը ընտրապայքարում չի դնում. «Որովհետև ընդհանուր առմամբ ավագանու ինստիտուտը այնքան է որակազրկվել, որ այսօր ուղղակի սեռերի հարցը առաջնահերթ համարել ըստ էության այդքան էլ ճիշտ չի լինի: Ավագանի ասելով ինչքան էլ մենք փորձենք ուրիշ տարբերակներ գտնել հասարակության մեջ՝ ասոցացված է, որ ավագանին այն ինստիտուտն է, որ հիմնականում իր գործունեության շրջանակում աջակցում է տարածքներ օտարելուն»,-ընդգծում է Իրինան: Ավագանի լինելը իրենից թիմային աշխատանք է ենթադրում: Քաղաքական ընտրապայքարում, հետո նաև՝ ընտրվելու դեպքում, Իրինա Յոլյանը գիտակցում է, որ պետք է աշխատեն «Մեկը բոլորի, բոլորը մեկի համար» սկզբունքով: Իր գաղափարները սատարողներ կլինեն, կամ կարող է ինքը 15 հոգու մեջ որոշիչ կարծիք ձևավորվել, հույս ունի և ակնկալում է, որ իր նման մտածողներ կլինեն: «Ժամանակն է, որ այնպիսի ընտրություններ լինեն, որ կարող ուժեր լինեն ավագանու կազմում: Հատկապես դեպի խոշորացում ենք գնում, խնդիրները ավելի են ընդլայնվում: Պարտադիր պիտի լինի քննարկում,պարտադիր պիտի լինեն առաջարկություններ, և ավագանու անդամները պիտի կարողանան համայնքին հուզող առաջնահերթ խնդիրները բերել օրակարգ, ոչ թե իրենց առջև դրված օրակարգերին նայեն ու համապատասխանաբար քվեարկեն»,- իր խոսքը եզրափակելով ասաց Իրինա Յոլյանը: