Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-ը կարող է Սիրիայի եւ Իրաքի քրիստոնյաներին հատուկ կարգավիճակ տալ (տեսանյութ)

Քաղաքականություն
C67DCD87-BF50-4CB0-9E00-44B97E33E2CD_cx0_cy1_cw0_w987_r1_s_r1

Ամերիկայի Ձայն Միացյալ Նահանգների Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել, ըստ որի Իրաքի եւ Սիրիայի տարածքում Դաեշի կողմից իրականացված ցեղասպանությունից տուժած կրոնական եւ էթնիկ խմբերին, այդ թվում՝ հայերին, ԱՄՆ-ում կտրվի փախստականի կարգավիճակ: Կոնգրեսական Դեյվ Թրոթի խոսքով, 2015-ին Մերձավոր Արեւելքից ԱՄՆ-ում ապաստան ստացած փախստականների թվից քրիստոնյա էին ընդամենը կես տոկոսը. «Քրիստոնյաները կազմում են Սիրիայի բնակչության 10 տոկոսը, ուստի, ինչ-որ բան սխալ է փախստականների ընտրության գործընթացում»: Կոնգրեսականի խոսքով, Միացյալ Նահանգները պետք է ոչ միայն պատժի Մերձավոր Արեւելքում քրիստոնյաներին եւ այլ կրոնական խմբերին ոչնչացնողներին, այլեւ ապաստան տա ցեղասպանության զոհերին. «Միացյալ Նահանգները պետք է առաջնորդի դերում հանդես գա, պետք է փրկի քրիստոնյաներին ինչպես քաղաքական պատճառներով, այդպես էլ՝ բարոյական պարտավորություններից ելնելով»: Օրինագծի հեղինակներից մեկը, կոնգրեսական Ջեֆ Ֆորթենբերին նշել է, որ Միացյալ Նահանգները միեւնույն ժամանակ պետք է փորձի օգնել նրանց, ովքեր ցանկանում են մնալ հայրենիքում: Կոնգրեսականը ներկայացրել է մասնավորապես Իրաքի տարածքում քրիստոնյաների ինքնավար շրջանի ստեղծմանն աջակցելու մասին օրինագիծը, որի սահմաններում քրիստոնյաներն ու եզդիները իրենք իրենց պաշտպանելու հնարավորություն կունենան. «Սա եւս մեկ քայլ է, որն ուղղված է քրիստոնյաների եւ եզդիների անվտանգ կյանքի ապահովմանը»: Օրինագծի մյուս համահեղինակ հայ արմատներ ունեցող կոնգրեսական Աննա Էշուն կարեւորել է, որ Մերձավոր Արեւելքում՝ Քրիստոնեության բնօրրանում, շարունակվի քրիստոնյա համայնքների ներկայությունը: Այս խնդրի լուծումը, ըստ կոնգրեսականների պետք է առաջնորդի Միացյալ Նահանգները. «Կրոնական ազատությունը մեր մնայուն արժեքներից է, որը մենք պետք է պահպանենք եւ տարածենք աշխարհով մեկ»: