«Պետք է լուծարել ԱԺ-ն, Բաղրամյան 26-ը ու պատասխանատվության ենթարկել» (տեսանյութ)
5-րդ գումարման ԱԺ 10-րդ նստաշրջանն այսօր մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյունների ներքո: Հենց սկզբում վարման կարգով ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը անդրադարձավ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հուլիսյան նախաձեռնությանը՝ ԱԺ արտահերթ նիստ գումարելու՝ քննելու ՊՊԾ գնդում տեղի ունեցած իրադարձությունները. «Մինչդեռ այդ նախաձեռնությունը մերժվեց: Ակնկալում ենք, որ օրակարգում մի կետ մտցնենք ու քննարկենք, որ ԱԺ-ն բացահայտ բացահայտումներ անի՝ պատասխանատվության ենթարկելու ցուցարարների նկատմամբ բռնություններ կիրառած անձանց ու իշխանություններին՝ անգործության համար: ԱԺ-ն չպետք է զերծ մնալ նրանից, ինչը ցնցեց ամբողջ երկիրը»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` ի պատասխան հայտարարեց. «Շատ ցցուն հայտարարություն էր, մենք էլ ենք շահագրգռված, որ ամեն ինչ ճիշտ լուծում ստանա: Եթե քրեական գործ է հարուցվել, ԱԺ-ն հենց սկզբից պետք է որոշումներ կայացնի»: ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարեց, որ մեր երկրում արդեն որերորդ անգամ արձանագրվում է մի փաստ, որ Արդարադատության նախարարությունը, ավելի կոնկրետ՝ քրեակատարողական վարչությունը կոպտորեն խախտում է ձերբակալված ու կալանավորված անձանց վերաբերյալ օրենքը ու հնարավորություն չի տալիս պատգամավորներին՝ տեսակցել ՔԿՀ-ում գտնվող անձանց. «Խոսքը «Սասնա ծռեր»-ի անդամների մասին է: Մեր երկրում, երբ խնդիրն առնչվում է քաղաքական ենթատեքստ ունեցող գործերին, ապա այս ապօրինությունը տեղի է ունենում»: «Կարող եք հանգամանորեն ներկայացնել հարցը, մենք կարող ենք միջամտել ու խնդիրը լուծել: Դուք ներկայացրեք՝ ում եք դիտել, ես կներկայացնեմ համապատասխան մարդկանց»,- պատասխանեց Գալուստ Սահակյանը: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին հետաքրքրում էր՝ ապրիլյան պատերազմից հետո, որքան տարածք է այս պահին մեր հայրենիքից օկուպացված. «Ժամանակին մենք հստակ պատասխան չստացանք: Շուրջ ութ հարյուր հա տարածք Ադրբեջանի կողմից բռնազավթված է, ինչպես ասել էր Սերժ Սարգսյանը: Ե՞րբ եք պատրաստվում հրավիրել հատուկ նիստ, որ հրավիրենք պատասխանատուներին ու ենթարկենք պատասխանատվության: Այո, պետք է լուծարել ԱԺ-ն, Բաղրամյան 26-ը ու քրեական պատասխանատվության ենթարկել, ու ժողովրդին վերադարձնեն այն, ինչ նրանցից խլել են: Սկզբում ՊՊԾ գունդն էր, հաջորդը լինելու է ԱԺ-ն եւ Բաղրամյան 26-ի գրավումը»: «Ձեր ասած այդ ամենից միայն մեկ բան կարողացա կռահել, որ մեզ համար անհրաժեշտ բան էր, մնացածը առկա բաներ են, ընդդիմադիր տեսակետներ են, երբ կուզեք կասեք: Պետք է թուղթ գրել, տեսնենք՝ ինչ պետք է լուծի ԱԺ-ն: Ձեր խնդիրն է՝ ինչ ուզում եք, ասեք, ես ընդամենն ասում են այն ճշմարտությունը, որ եղել է: Եթե առանձին քննարկենք, կզգաք, որ ձեր խոսքերը ընդամենը ընդդիմադիր քայլեր են»,- կարծիք հայտնեց Գալուստ Սահակյանը: