«ՀՀ-ն չի կարող ՌԴ քաղաքացուն բերել Հայաստան, հետո ուղարկել ԱՄՆ» (տեսանյութ)
Գլխավոր դատախազությունը բողոքարկել է ԱՄՆ-ի կողմից հետախուզվող ռուսաստանցի ծրագրավորող Սերգեյ Միրոնովին ազատ արձակելու առաջին ատյանի դատարանի որոշումը: Ապօրինի զենքի եւ փողերի լվացման մեջ մեղադրվող Սերգեյ Միրոնովի պաշտպան Վրեժ Խաչիկյանը նշել է, որ դատական նիստի օր դեռ չի նշանակվել եւ առայժմ անկանխատեսելի է, թե ինչ որոշում կկայացնի դատարանը: «Մենք չունենք նախադեպ, ինչպես կլինի: Ամեն դեպքում ես հստակ կարող եմ ասել, որ ՀՀ-ն չի կարող ստանձնել նման պարտավորություն, որ ՌԴ քաղաքացուն բերի Հայաստան, հետո նորից ուղարկի ԱՄՆ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց պաշտպանը: Ըստ Վրեժ Խաչիկյանի՝ առաջին ատյանի դատարանում կալանավորման միջնորդություն ներկայացնելիս ՀՀ գլխավոր դատախազության կողմից դատարան էր ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերի ոչ ամբողջ փաթեթը: «Որից բացակայում էր ԱՄՆ իրավասու մարմնի, դատարանի կամ այլ իրավասու մարմնի կողմից կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը կամ որոշումը: Դա եղավ հիմնական պատճառը, որպեսզի դատարանը մերժի դատախազության միջնորդությունը»: Օգոստոսի 26-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հենց դատարանի դահլիճից ազատ էր արձակել եւ մերժել ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի ժամանակավոր ձերբակալության առնչությամբ դատախազության միջնորդությունը: Դատախազությունը 40 օրով ժամանակավոր կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել: ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից Սերգեյ Միրոնովի նկատմամբ 2016 թվականի մայիսի 11-ից հայտարարվել է միջազգային հետախուզում: