ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը չեն մասնակցի դատախազի քվեարկությանը (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի առաջադրմանը, հետաքրքրվեց՝ արդյոք նա կկարողանա՞ բռնել ձուկ բռնողին. «Դուք կարո՞ղ եք դեմ գնալ համակարգին: Չեք կարող: Անդրադառնալ մարտի մեկի գործին: Իրավապահ մարմինները ասում են, թե հարյուրավոր ժամեր նյութեր ունեն, սակայն դրանք չեն տրամադրվել ոչ ծնողներին, ոչ էլ փաստաբաններին»: Այնուհետեւ նա հրապարակեց Կառավարության պատասխանը Եվրադատարանին, որը վերաբերում էր դատարանի վարույթում գտնվող մարտի մեկի գործին. «Կառավարությունն իր եզրակացության մեջ նշել է, որ մահաբեր ուժը, որ կիրառվել է, բացարձակապես անհրաժեշտություն է եղել: Այդ հարցին դատախազությունը պետք է պատասխան տա՝ ովքե՞ր են կրակողները ու ինչ մոտիվացիա է եղել, որ մահվան ուժ է կիրառվել: Եթե չեն հայտնաբերվել հրահանգողները, ինչպե՞ս են նման եզրակացություն ուղարկել Եվրադատարան: Սա լրջագույն մեղադրանք է: Մենք չենք հավատում, պարոն Դավթյան, որ դուք դեմ կգնաք համակարգին, ու մենք չենք մասնակցելու ձեր քվեարկությանը»: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը եւս քննադատեց Արթուր Դավթյանին եւ հայտարարեց, որ իրենց խմբակցության կուսակցական անդամները չեն մասնակցելու քվեարկությանը. «Ի դեպ, քննարկում ենք ԱԺ Կանոնակարգ օրենքը, եւ ես կարծում եմ, որ խմբակցության ոչ կուսակցական անդամներն ուղղակի վայր դնեն իրենց մանդատները»: Ի պաշտպանություն Արթուր Դավթյանի, արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հայտարարելով, որ ՀՀԿ-ն հավատում է նրա ուժերին ու կպաշտպանի նրա թեկնածությունը: