«Խուզում, ամորձատում ենք քրեական վարույթի լիազորությունները» (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն իր ելույթում, ոչ այնքան անդրադարձավ ՀՀ Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին, որքան, ինչպես ինքն ասաց՝ իր ելույթը կօգտագործի որպես պատեհ առիթ՝ մտորումները կիսելու համար դատախազության՝ որպես սահմանադրական մարմնի տեղի եւ դերի իրավապահ մարմինների համակարգում, նրա լիազորությունների ու բովանդակության, պրակտիկայում մեկնաբանման խնդիրների մասին: Նա պատմեց, որ դեռեւս 1995թ. Սահմանադրությամբ Դատախազությունը ձերբազատվել է տոտալիտար համակարգերին բնորոշ ընդհանուր հսկողության լիազորությունից. «Դա ինձ լավ հայտնի է, քանի որ ես եմ եղել Սահմանադրության այդ գլուխների աշխատանքային խմբի մասնակիցն ու մշակողը, ավելին՝ ձեր համեստ ծառան է եղել ՀՀ առաջին դատաիրավական բարեփոխումների հայեցակարգը շարադրողը: Դատախազությունն այսօր դուրս է մնացել նաեւ քաղաքացիաիրավական վեճերից՝ ընտանեկան, աշխատանքային, բնակարանային եւ այլն. մենք ընդօրինակել ենք Արեւելյան եվրոպական երկրներին հատուկ դատախազության մոդելը: Ուղղակի ցավն այն է, որ ավելորդ լիազորություններից ազատվելով՝ ընկել ենք մեկ այլ ծայրահեղության մեջ՝ մենք խուզում, ամորձատում ենք այն լիազորությունները, որոնք պետք են գոնե քրեական վարույթի ժամանակ»: Դատախազությունը, ըստ նրա, դարձել է հետին թվով շտկող մարմին, ընթացիկ վերահսկողություն չունի. «Մեր դատախազը դիտորդ է՝ քննչական գործողություններին մասնակցության իրավունք չունի՝ ինքը պիտի կոֆեի բաժակ կամ գիրուղուշ գցի՞, որ հասկանա՝ ինչն ինչպես է: Մենք ուզում ենք այնպիսի դատախազություն, որ ռեալ գործառույթ իրականացնի»: Ըստ նրա՝ մենք ծայրահեղությունների մեջ ենք ընկել նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, ու ամեն ինչ տարվում է լրիվ այլ ուղղությամբ. «Դատախազի տեղակալները տարեկան ընդունում են 5-6 քաղաքացի: Ես ժամանակին օրվա մեջ եմ 5-7 մարդ ընդունել: Այսինքն, ինչ ենք ասում՝ տեղակալ դու քաղաքացի մի ընդունի, որ հանկարծ նրա հետ կոռուպցիոն գործարքի մեջ չմտնես: Սա հիվանդություն է, այսպես ոնց կլինի՝ բա էս մարդն ո՞ւր գնա բողոքի»: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ ազատ են թողնում քվեարկությունը, և ՕԵԿ պատգամավորները կքվեարկեն խղճի մտոք։