«Քշտեք ձեր ձեռքերը եւ անցեք գործի». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը բացասաբար ընդունեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի՝ իրեն ուղղված գովեստները. «Պարոն Զուրաբյան, օգտվելով առիթից, ուզում եմ շնորհակալություն հայտնել՝ երեկ ձեռք բերված համաձայնության համար, շնորհակալություն նաեւ ձեզ՝ ձեր անձնական ներդրման համար»: «Մի քիչ իշխանության կողմից հայտնված շնորհակալությունները լավ չեն արտացոլվում ընդդիմադիրների վարկի վրա, այնպես որ, խնդրում եմ չչարաշահել դա...Դե հիմա դուք եք հասել նրան, որ ձեր խոսքը լավ չի ընկալվում հասարակության կողմից»,- ի պատասխան հայտարարեց Լեւոն Զուրաբյանը: Նա հիմնականում անդրադարձավ ընտրակեղծարարությանն ու այդ ուղղությամբ դատավարություններին. «Դատախազությունը ընտրակեղծարարության դեմ պայքարելու փոխարեն, ինքն է զբաղվել ընտրակեղծարարության պարտակմամբ: Այսօրվա պայմաններում, ի դեմս դատախազության, մենք գործ ունենք ոչ թե օրինականության պաշտպանի, այլ կոռուպցիոն համակարգի անվտանգությունը ապահովող կառույցի հետ: Մի առաջարկ ձեզ, պարոն Դավթյան, առաջիկայում կայանալու են ՏԻՄ ընտրություններ Գյումրիում ու Վանաձորում, այդ օրերին դուք լինելու եք ՀՀ Գլխավոր դատախազը, ես կասկած չունեմ...Նաեւ կասկած չունեմ, որ դուք հլու-հնազանդ հետեւելու եք իշխանությունների ավանդույթներին, բայց եթե ինչ-ինչ պատճառով ցանկանաք զարմացնել հայ հասարակությանը եւ ցույց տալ, որ օրենքի պահպանման բարձունքին, ապա, խնդրեմ, այդ խոպան դաշտը ձերն է՝ քշտեք ձեր ձեռքերը եւ անցեք գործի»: Ինչ վերաբերում է ՀԱԿ քվեարկությանը, ապա Լեւոն Զուրաբյանը հիշեցրեց, որ նախորդ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի ժամանակ տեղի ունեցավ, ըստ իրեն, խայտառակ մի կեղծարարություն, եւ այդ հիմքի վրա ՀԱԿ-ի դեմ սկսվեց ապատեղեկատվական օպերացիա որոշ ծառայամետ ընդդիմադիրների աջակցությամբ, որից հետո որոշում են ընդունել չմասնակցել քվեարկությանը. «Մենք, բնականաբար, դեմ ենք ռեժիմի ներկայացրած թեկնածուին՝ ով էլ նա կլինի»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ կողմ է քվեարկելու ՀՀ Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին: