Հանրապետականն իր սկզբունքներից կես քայլ նահանջել է. ՀՀԿ-ական (տեսանյութ)
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը զարմացած է՝ 4+4+4 ֆորմատով մայիսյան բանակցությունների ժամանակ ամբողջ ընդդիմությունը պնդում էր հենց ստորագրված ցուցակների հրապարակումը՝ ի՞նչ տեղի ունեցավ, որ հիմա ոմանք կենտրոնանում են մատնահետքերի վրա. «Ես կարծում եմ, որ մեր գործընկերները էս առումով գոնե պետք է քաղաքական կամք եւ ուժ կարողանան գտնեն եւ վեր կանգնեն հատվածական շահերից»: Ըստ Հովհաննես Սահակյանի, նույնիսկ եթե մատնահետքեր վերցնելու շուրջ համաձայնություն կայանար, տեխնիկապես անհնար կլիներ այն իրականացնել. «Այն կազմակերպությունը, որը այդ ծառայությունն իրականացնում է եւ որը պետք է դա իրականացներ հետագայում նմանատիպ մասշտաբով, ծավալով, տեխնիկապես ի վիճակի չէ, հնարավոր չէ, որպեսզի էս կարճ ժամանակում, 4-5 ամսվա ընթացքում էս գործընթացը կազմակերպվի»: Սակայն ինչպե՞ս պատահեց, որ իշխանությունը համաձայնվեց ընտրացուցակների հրապարակմանը, որին դեմ էին Վենետիկի հանձնաժողովը եւ Հայաստանի Սահմանադրական դատարանը. «Հաշվի առնելով 17 թվականի համապետական ընտրությունների կարեւորությունը եւ հատկապես ՀՀ ժողովրդի մթնոլորտ ձեւավորող քաղաքական ուժերի եւ անձանց ցանկությունը, մենք գնացել ենք ընդառաջ»: Հովհաննես Սահակյանն ասում է, որ համաձայնվելով ցուցակների հրապարակմանը Հանրապետականն իր սկզբունքներից կես քայլ նահանջել է: Սակայն դրանից արդյո՞ք ցուցակների հրապարակումը դարձել է սահմանադրական նորմ. «Եթե կա հակասահմանադրական որեւէ քայլ ցանկացած նույնիսկ քաղաքացի դա կարող է վիճարկել Սահմանադրական դատարանում»: Ի դեպ, Հանրապետականը չի պատրաստվում Սահմանադրական դատարանում վիճարկել ընտրացուցակների հրապարակման օրինականությունը: