Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանի ելույթը հրաժեշտի խոսքի էր նման» (տեսանյութ)

Քաղաքականություն
Xachatryan

Հայաստանի նոր վարչապետին ներկայացնելու ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանի  հնչեցրած ելույթն ավելի շատ նման էր հրաժեշտի խոսքի, քան վարչապետի ներկայացման. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը.  «Սերժ Սարգսյանը նոր վարչապետին ներկայացրեց որպես  բարեփոխումների մեծ առաջնորդ` սա ավելի շատ նախագահի հրաժեշտի խոսքի էր նման, քան նոր վարչապետի ներկայացման»: Նրա գնահատմամբ, վարչապետի փոփոխության քայլը շատ լավն է, հռչակված նպատակներն էլ՝ դրական են։ Միայն թե դրանք իրականություն կդառնան, եթե պետության ղեկավարը վարչապետի մեջքին կանգնի եւ «թայֆաներից» հեռու մնա։ «Նոր վարչապետը չի կարող առանց պետության ղեկավարի աջակցության հասնել հաջողության։ Այ, երբ խորհրդարանում մի նոր ուժ գա եւ ստեղծի մեծամասնություն, նախագահն էլ անգլիական թագուհու կարգավիճակ կունենա՝ լավ կլինի , բայց մենք հո գիտենք, թե այսօր դատական իշխանությունը, ուժային կառույցները  ում մատի տակ է պարում»,-ասաց ԳԽ նախկին պատգամավորն, ընդգծելով, որ քաղաքացին Հայաստանում  հայտնվել է անկոչ հյուրի կարգավիճակում։ «Ես ուզում եմ, որ քաղաքացին այս երկրում տիրոջ զգացումով ապրի,  սակայն առայժմ, բացի Կարեն Կարապետյանի բառապաշարից, ոչ ոք եւ ոչինչ չի փոխվել։ Նույն դեմագոգիան է, նույն դեմքերի հանգիստ արտահայտությունը։,-ասաց նա։ Վ. Խաչատրյանի խոսքերով՝ այլասերված եւ կուսակցականացված է նաեւ ողջ տեղական ինքնակարգավորման համակարգը։ «ՏԻՄ համակարգը նրա համար է, որ հասարակությունը կազմակերպվի, իր վրա պատասխանատվություն վերցնի, իսկ մենք սարքել ենք կուսակցականացված քաղաքներ։ Այսօր կարելի՞ է ասել, որ Հանրապետական կուսակցությունը Գյումրիում նոր ոգով ընտրությունների է գնում։ Տեսեք՝ ինչ է խոստանում թեկնածուն (Սամվել Բալասանյանը-հեղ.) ժողովրդին՝ ժամանակին տալ աշխատավարձ։ Մնում է ասել, որ կապահովեն,  որ արեւը արեւելքից դուրս գա եւ արեւմուտքից մայր մտնի։ Սա նո՞ր ոգի է»,- հարցնում է բանախոսը։ Վիգեն Խաչատրյանն ասում է, որ Կարեն Կարապետյանի հետ չի շփվել, սակայն դրական տպավորություններ ունի նրանից։ «Ինձ հաճելի է, պարզ մարդ է, հասարակ բաներ է ասում, մատչելի է։ Մյուսները նույն անսխալականի կեցվածքով են, փիլիսոփայությամբ, թե ամեն ինչ լավ է։ Սա ներկուսակցական մթնոլորտ է, որ փաթաթվել է մեր վզին։ Երբեմն քննարկումներ են լինում, սակայն չգիտենք՝ ով է քննարկել, իսկ էդ քննարկմանն ով է դեմ խոսել , պարզվում է՝ ոչ ոք, ինչպես կարող էր էդպիսի մարդ լինել։ Այս մթնոլորտը փոխել է պետք։ Սակայն այդ մթնոլորտը մեկ հոգի չի կարող փոխել։»,-ասաց Վ. Խաչատրյանը։