«Իրանի հարցում Րաֆֆու ստեղծագործությունների ազդեցության տակ ենք» (տեսանյութ)
«Իրանի քաղաքական թիվ մեկ առաջնայնությունը Մերձավոր Արևելքն է, և Հյուսիսային Կովկասն այս երկրի քաղաքական շահերի տեսանկյունից դիտարկվում է՝ որպես երկրորդ կարևորագույն տարածաշրջան»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց իրանագետ Վարդան Ոսկանյանը: Իրանագետի դիտարկմամբ՝ այս համատեքստում, վերջին շրջանում իրանցիների որդեգրած քաղաքականությունը կարելի է բնորոշել մեկ ածականով՝ հավասարակշիռ: Հավասարակշիռ՝ սկսած անցած տարվանից, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը հրաժարվեց պատժամիջոցների ռեժիմից ու ուշադրությունը սևեռեց Հարավային Կովկասի տարածաշրջանի ուղղությամբ: Ոսկանյանը հատկանշական է համարում Իրանի դեսպանի հայտարարությունը Իրանի նախագահի հայաստանյան գալիք այցի մասին: Պակաս կարևոր չէ նաև տրանսպորտի նախարարի հայտարարությունը, որն առնչվում է Հայաստանի հետ երկաթուղու կառուցմանը, որով Թավրիզը կկապվի Հայաստանին: Հայաստանը ևս պասիվ չէ դաշնակցային կապեր հաստատելու հարցում: Առաջինը, որ կարևորեց իրանագետը, վիզայի ռեժիմի չեղարկումն է, որով երկու երկրների բնակիչները հնարավորություն ունեն առանց լրացուցիչ մուտքի արտոնագրի այցելել միմյանց երկրներ: Բացի այդ, Հայաստանում ստեղծվել է Իրանի՝ Վրաստանին գազի վաճառքով զբաղվող ընկերություն: Անդրադառնալով հարաբերությունների մշակութային կողմին՝ իրանագետը նշում է, որ մենք Րաֆֆու ստեղծագործությունների ազդեցության տակ ենք, որոնցում իրանցիները ներկայացվում են որպես խիստ հետամնացներ, իսկ Իրանի գավառական բնակչության մի հատվածն էլ չի գիտակցում, որ Հայաստանը անկախ պետություն է, Իրանի գավառներից մեկը չէ և նորմալ է, որ հայը չգիտի պարսկերեն: