Հանդիսություն՝ Նյու Յորքում. ցուցադրվեց Գարզու, Սարյան, Քոչար
1991թ․ սեպտեմբերի 21 – ին, Հայաստանի քաղաքացիներս կատարեցինք պատմական ընտրություն՝ «այո» ասելով Անկախության հանրաքվեին ։ 1991թ․սեպտեմբերի 21-ի ընտրությամբ հայ մարդը իրավունք ստացավ կոչվելու նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի ։ 1991թ․ընթացքում 47 պետություն ճանաչեց ՀՀ Անկախությունը ։
ՀՀ Անկախության 25-ամյակը մեծ շուքով նշվեց Նյու Յորքի սբ․Վարդան Մայր տաճարում ։ Սեպտեմբերի 21-ին, ԱՄՆ-ի արևելյան շրջանի հայաստանյան թեմի առաջնորդարանի , Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի և հայկական բազմաթիվ միությունների հովանավորությամբ տեղի ունեցավ մեծ տոնախմբություն ։ Սրահներից մեկում բացվեց թվով 25 հայ գեղանկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես, որտեղ ներկայացված էին՝ Մարտիրոս Սարյանի, Երվանդ Քոչարի, Մինասի, Գրիգոր Խանջյանի, Գարզուի, Հով․Փուշմանի և շատ ուրիշների ստեղծագործությունները։ Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, արտակարգ և լիազոր դեսպան Զոհրաբ Մնացականյանը, հայ քաղաքական գործիչներ և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ցուցահանդեսը դիտելուց հետո ներկաները հավաքվեցին Սբ․Վարդան Մայր տաճարում, որտեղ տեղի ունեցավ տոնական համերգ՝ նվիրված Անկախության տոնին։ ԱՄՆ-ի և ՀՀ օրհներգերից հետո ներկաները ջերմությամբ ընդունեցին ամերիկահայ անվանի դաշնակահար Շահան Արծրունու, երիտասարդ, տաղանդավոր թավջութակահարուհի Լաուրա Նավասարդյանի, կլարնետահար Նարեկ Հարությունյանի, երգիչ՝ Եղիշե Մանուչարյանի ելույթները, որոնց կատարմամբ հնչեցին Ա․Խաչատրյանի, Ալ․Հարությունյանի, Պագանինիի և Կոմիտասի ստեղծագործությունները։ Համերգից հետո , ՀՀ Անկախության 25-ամյակի առիթով ներկաներին շնորհավորեց ՀՀ Արտաքին գործոց նախարար Էդվարդ Նալբանդյանը ։
Երեկոն եզրափակեց Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, որը մասնավորապես ասաց. «Այս երեկոյին ես կուզեմ իմ շնորհակալությունը հայտնել իմ հոգևոր եղբոր, ԱՄՆ-ի արևելյան շրջանի Կիլիկիո թեմի առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանին , որ միատեղ այսօր նշեցինք ՀՀ 25-րդ տարեդարձը ։ Այս երեկոյան մեր միասնականությունը մեր լավագույն տոնախմբության հաղթանակն է ։ Հանրապետության անկախության տոնի առիթով միասնաբար հանդես գանք Արցախի և մեր Հայրենիքի հզորացմանը ։
Եվ մասնավորապես մենք բոլորս էլ ուրախ ենք, որ այս երեկո մենք կվայելենք ներկայությունը Հայաստանի Հանրապետության, մեր շատ հաճելի և սիրելի Արտաքին Գործոց նախարար պր-ն Էդվարդ Նալբանդյանի ներկայությունը , շնորհակալ ենք նաև Ձեր այսօրվա պատգամին համար, և նաև , մենք հայ ժողովրդի զավակներ՝ երախտապարտ ենք ձեզի, Ձեր կատարած շատ կարևոր առաքելության՝ հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության կյանքեն ներս։ Աստված Ձեզ երկար, առողջ տարիների կյանք, որպեսզի շարունակեք Ձեր առաքելությունը» ։
Իր հայրական աղոթքով, երեկոն եզրափակեց Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը ։
ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՆՅՈՒ ՅՈՐՔ
Լուսանկարները՝ հեղինակի