Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԹԵՀՐԱՆԱՀԱՅԵՐԻՑ ՊԱՐԵԼ ՍԻՐՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ԱՂՋԻԿՆԵՐԸ

Մշակույթ

1996թ. Թեհրանի Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության (ՀՄԱԿ) հիմնադրած «Արարատ» պարախումբն առաջին անգամ այցելել է Հայաստան: Պարախմբի յուրահատկությունն այն է, որ բաղկացած է միայն աղջիկներից: Պատճառը, ըստ պարախմբի գեղարվեստական ղեկավարների, թեհրանահայ տղաների պասիվությունն է:

«Նրանք, ցավոք, շատ քիչ ցանկություն ունեն պարելու, արվեստի հետ շփվելու, եւ առաջին երեք տարում մեզ չհաջողվեց հավաքել տղաների խումբ: 1998-99թթ.-ին միայն հետզհետե նրանք ցանկություն հայտնեցին ներգրավվել պարախմբում, թեեւ արդեն ուշ էր, քանի որ հին պարողների ու նրանց միջեւ մակարդակների տարբերությունը մեծ էր: Այդ պատճառով նրանք դեռ նախապատրաստական խմբում են եւ պրոֆեսիոնալ բեմ դեռ չեն կարող բարձրանալ: Տղաները հիմնականում ներգրավվում են սկաուտական, մարզական խմբերում»,- ասում է կազմակերպության նախագահ Հենրիկ Խալոյանը:

62-ամյա կենսագրություն ունեցող կազմակերպությունը Թեհրանի 25 մարզամշակութային, բարեգործական, հայրենակցական եւ այլ միություններից ամենամեծն է: Կազմակերպության համար Իրանում հայապահպանման խնդիրն առաջնայինն է: Այն սկաուտական, մարզական, մշակութային խմբերով փորձում է այստեղ առավելագույնս ներգրավել հայ պատանիների ու երիտասարդեների, կրթել նրանց հայեցի ոգով: «Շատ ուրախ ենք, որ մեր այցը Հայաստան համընկավ ՀՀ անկախության 15-ամյա տոնակատարությունների օրերին:

Մեր կազմակերպության եւ, մասնավորապես, պարախմբի մասին Հայաստանում շատ քիչ գիտեն: Այդ պատճառով ցանկացանք մեր անմիջական ներկայությամբ պատմել մեր մասին: Մեր հաջորդ մեծ նպատակը թեհրանահայ երեխաներին խրախուսելն էր՝ գալ Հայաստան եւ, ինչու չէ, ցանկության դեպքում նաեւ մնալ»,- ասում է «Արարատ» կազմակերպության կենտրոնական վարչության անդամ Կարինե Ղարախանյանը:

Պարուհիները 24-ն են, իսկ պարախումբը բաղկացած է մեծերի եւ փոքրերի առանձին խմբերից: Տարիքային սահմանափակում այստեղ չկա, խմբերում այժմ պարում են 7-23 տարեկան հայուհիներ: Պարախումբը սիրողական բնույթ ունի, այսինքն՝ պարուհիներից ոչ մեկը չի վարձատրվում եւ նրանք պրոֆեսիոնալ չեն, թեեւ իբրեւ պարուսույց եւ խմբի գեղարվեստական ղեկավար Հայաստանի պետական «Բարեկամություն» համույթից հրավիրվել է վաստակավոր արտիստ Կարինե Ղազարյանը:

Պարախումբը գործում է ինչպես հայ համայնքի, այնպես «Արարատ» կազմակերպության միջոցներով: Ի դեպ, կազմակերպությունն ունի Թավրիզի, Ուրմիայի, Շիրազի, Գեարդաբադի մասնաճյուղեր եւ երեցների միություն, որոնք էլ օժանդակում են կազմակերպության բոլոր անդամներին: Հայ հանդիասատեսին նրանք ներկայացան պարային 30-ից ավելի համարներով, որտեղ ընդգրկվել էին ինչպես հայկական, գնչուական, հունական, ռուսական եւ այլ ժողովրդական պարեր, այնպես էլ մանկական պարային ներկայացումներ: Ի դեպ, սա պարախմբի ծրագրից ընդամենը մի մասն էր, որը մոտ երեք ժամ կարողացավ կլանել հանդիսատեսի ուշադրությունն ու ստիպել պարել: Պարախումբը Երեւանում ունեցավ մեկ համերգ, իսկ սեպտեմբերի 12-ին կես ծրագրով հանդես կգա նաեւ Էջմիածնում: