Մեր շախմատիստների եռյակը մեկնարկեց հաղթանակներով
Հայաստանի շախմատիստները հաղթանակներով սկսեցին ելույթները բրիտանական Մեն կղզում մեկնարկած միջազգային խոշոր մրցաշարում: Գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը սեւերով պարտության մատնեց ՖԻԴԵ-ի վարպետ, իտալացի Պաոլո Ֆորմենտոյին: Գաբրիել Սարգսյանը խնդիրներ չունեցավ գերմանացի միջազգային վարպետ Դիտմար Կոլբուսի հետ խաղում: Հրանտ Մելքումյանը սպիտակներով վստահ հաղթեց հոլանդացի միջազգային վարպետ Մարսել Պեեկին: Այսօր նախատեսված են 2-րդ տուրի պարտիաները: Մեր շախմատիստներից համեմատաբար թույլ մրցակից է բաժին հասել Սերգեյ Մովսեսյանին, որը սպիտակներով մրցելու է միջազգային վարպետ Նինո Բաթիաշվիլու հետ: Գաբրիել Սարգսյանը կհանդիպի գրոսմայստեր Մաքս Լինգվորտի հետ, իսկ Հրանտ Մելքումյանին համակարգիչը մրցակից է բաժին հանել գրոսմայստեր Օլեգ Ռոմանիշինին: Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 133 շախմատիստ-շախմատիստուհի, որոնցից 48-ը գրոսմասյտեր են: Մեր շախմատիստների գլխավոր մրցակիցները կլինեն ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում առաջին տասնյակում տեղ զբաղեցնող Ֆաբիանո Կարունան, Հիկարու Նակամուրան, Վեսլի Սոն, որոնք նույնպես հաղթանակներով են սկսել մրցաշարը: