Ինչ են Երևանում գտել զբոսաշրջիկները (տեսանյութ)
Հայաստանի մայրաքաղաքի մասին զբոսաշրջիկները ժպիտով են խոսում։ «Մի քանի անգամ եղել եմ Երևանում, և անհավատալի է առաջընթացը։ Ամեն անգամ գալով այստեղ ես էներգիայով եմ լցվում՝ տեսնելով փոփոխությունները։ Դժվար է նշել մի բան, որն այստեղ ինձ դուր չի գալիս»,- ասում է շվեդ Վիկտոր Մուքվիսթը։ Վիկտորը ծնվել է Դանիայում, հետո տեղափոխվել Շվեդիա։ Մայրաքաղաքում այցելում է հատկապես այնպիսի վայրեր, որտեղ առաջնայինը ժամանցը չէ։ «Երևանը հարմար քաղաք է ապրելու համար, կարելի է ողջ կյանքն էլ այստեղ անցկացնել։ Սիրում եմ լինել Կասկադում, Հյուսիսային պողոտայում, հրապարակում։ Այցելել եմ նաև Ցեղասպանության հուշահամալիր։ Երևանից հետս կտանեմ բազում հիշողություններ, հատկապես՝ մարդկանց ջերմությունը, այն էներգիան, որ նրանք կրում են։ Եվ չնայած որոշ կարծիքների, այս երկիրը մեծ ապագա ունի»,- ոգևորված նշում է Վիկտորը։ Գրեգորն ու կինն էլ Ավստրիայից են։ Չնայած առաջին օրն է, ինչ Երևանում են, արդեն նկատել են քաղաքի ծանրաբեռնված երթևեկությունը։ Նույնիսկ դժվարացել են ավտոկայանատեղի գտնելու հարցում, սակայն ի վերջո հաջողվել է ավտոմեքենան կայանել։ «Շատ կոկիկ քաղաք է, ոչ շատ մեծ, ու ոչ էլ փոքր։ Այստեղ կարելի է հանդիպել տարբեր ժողովուրդների խոհանոցը ներկայացնող ռեստորաններ, և դա ինձ դուր է գալիս»,- ասում է նա։ Գրեգորը երաժիշտ է, առաջինը, որ պլանավորում է՝ երեկոյան այցելել երևանյան ջազ ակումբ։ «Ես հայկական ջազի սիրահար եմ, հնչյունները յուրահատուկ են։ Այցելելու ենք նաև շուկա՝ ընկույզ գնելու։ Այն շատ ենք օգտագործում մեր ճաշացանկում։ Անգամ կնոջս ասացի, որ կարելի է տեղափոխվել այդտեղ ապրելու որոշ ժամանակ, քանի որ Երևանը նմանեցնում եմ Վիեննային»,- նշում է ավստրիացի Գրեգորը։ Ամերիկացի Ջոն Բեյլի կինը հայուհի է, արդեն 6 ամիս է՝ Երևանում են բնակվում, աղջկան էլ հայկական դպրոց է ուղարկում։ Նրա կողքին շախմատի խաղատախտակ է։ Ջոնի մրցակիցը կարող է լինել ցանկացած ոք։ «Ես գրեթե ամեն օր այստեղ եմ։ Օրինակ երեկ ինձ 5-6 հոգի շախմատային մարտահրավեր նետեց ինձ։ Հայաստանցիները հրաշալի են շախմատ խաղում և զարմանում եմ, երբ հաջողվում է հաղթել։ Շախմատ խաղալիս ամեն ինչ եմ մոռանում և ամբողջությամբ տարվում խաղով»,- ասում է Ջոն Բեյլը։ Երևանը համարում է հարազատ, այստեղ եղած էներգիան Ջոնին հիշեցնում է հարազատ Կոլորադոն։ Սակայն ամեն ինչ չէ, որ նրա սրտով է. «Հաճախ դժվարանցանելի են Երևանից դուրս ճանապարհները, իսկ մայրաքաղաքում խանգարում է դիտահորերի բարձր լինելը»,- ասում է Հայաստանի ամերիկացի հյուրը։ Մարդկանց այստեղ հաճախ չես տեսնի ժպտալիս, նկատել է Ջոնը, սակայն ուրախությամբ փաստում է՝ երբ սկսում ես զրուցել երևանցիների հետ, քեզ իսկական ընկեր են դառնում։