Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանցիները տարան ԱԺ գավաթը

Հասարակություն
43e70256f3fc91e27533bc77264cb43f

Երևանի "Սպարտակ" մարզադաշտում տեղի է ունեցել "Ազգային ժողովի գավաթի" խաղարկության դպրոցականների մրցումների եզրափակիչ փուլի ամփոփումը: Մրցույթին մասնակցել են ՀՀ  բոլոր մարզերի, մայրաքաղաք Երևանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թիմերը: Հաղթողներին մրացանակները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Ողջունելով մասնակիցներին և հաղթողներին`  ԿԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին՝ շեշտելով, որ ավանդական դարձած այս մրցաշարը նպաստում է "Ֆիզիկական կուլտուրա" առարկայի դասավանդման  զարգացմանը. "Մրցանակային գավաթները, որոնք տրվում են համեմատական միավորների արդյունքներով, այս դեպքում զուտ խորհրդանշական իմաստ ունեն: Իրականում դուք բոլորդ էլ արժանի եք մրցանակների, ձեր մասնակցությունն ու ոգևորությունը այս մրցաշարի ամենամեծ ձեռքբերումն են:  Ես անձամբ իմ ու նախարարության անունից շնորհավորում եմ բոլորիդ",- իր խոսքում ընդգծել է  Մանուկ Մկրտչյանը: "Ազգային ժողովի գավաթի" խաղարկության թիմային արդյունքներով   առաջին տեղը գրավել են Երևանի, երկրորդը՝ Կոտայքի, երրորդը՝ Գեղարքունիքի  թիմերը: ՀՀ ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արկադի Պետրոսյանի տեղեկացմամբ մրցաշարն անցկացվում է  "Ֆիզիկական կուլտուրա" առարկայի ծրագրային նյութերի  ատլետիկական  և մարմնամարզական վարժաձևերի շրջանակում: Գնահատումը կատարվում է   ֆիզկուլտուրայի համապատասխան դասարանների ուսումնական պլանի գնահատման նորմատիվներով:  "Ազգային ժողովի գավաթի" խաղարկությունն անցկացվել է 4 փուլով` միջդասարանական, միջդպրոցական, մարզային և ամփոփիչ հանրապետական: Եզրափակիչ փուլին մասնակցել են 192  դպրոցականներ և մարզիչներ:  Մրցույթն անցկացվում է 16-րդ անգամ,   մասնակցում են հանրակրթական դպրոցների 4-6-րդ դասարանների աշակերտները: Մրացաշարի կազմակերպիչներն են ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի հանձնաժողովը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Հայաստանի օլիմպիական կոմիտեն, և "Աշխատանքային ռեզերվներ" մարզական կազմակերպությունը: