«Եթե «Հաց բերողն» ազատվի, արդարությունն իր ճիշտ տեղը կգտնի» (տեսանյութ)
Քաղաքացու պարզած պաստառն արդեն իսկ հուշում է՝ Ազատության հրապարակի ֆլեշ մոբը Սասնա ծռերին հաց հասցրած Արթուր Սարգսյանին է նվիրված։ «Ցանկություն ունենք ֆեյսբուքյան ֆոտոների, նկարահանման, այսպիսի ակցիաների միջոցով հիշեցնել, որ Արթուր Սարգսյանը բանտարկված է մի բանի համար, որը կոչվում է հաց տանել, որը քրեական հիմք չունի»,- ասում է ակցիայի կազմակերպիչներից լրագրող Թեհմինե Ենոքյանը։ Հաց բերող մականունն ստացած Արթուր Սարգսյանը Էրեբունու ՊՊԾ գնդի տարածք էր մտել բեռնատարով՝ ճեղքելով ոստիկանական շղթան։ Նա իր հետ գունդը գրաված Սասնա ծռերին սննդամթերք էր տարել։ Այնտեղ մնաց մինչև վերջ՝ հանձնվելով խմբավորման անդամների հետ։ «Արթուրն ուղղակի արեց մի բան, որ մենք՝ հազարավորներս չկարողացանք դա անել։ Արթուր Սարգսյանը իմ խիղճն է, իմ խիղճը բանտարկված է ու փորձում ենք անել բոլոր այն քայլերը, որ մեր խղճին ազատության մեջ տեսնենք»,- ասում է Ազատության հրապարակած եկած Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը։ Քաղաքացիների մասնակցությամբ նկարները հավաստիքն են մեկ բանի՝ Հաց բերող մականունն ստացած ազատամարտիկը պետք է ազատ արձակվի։ Ակցիայի մասնակիցներն ամենևին չեն մտածում, որ հենց այս միջոցառումից հետո է Արթուր Սարգսյանն ազատվելու, սակայն հույսն էլ չեն կորցնում։ «Արթուրը խղճի բանտարկյալ է ու ուղղակիորեն Արթուրը որևէ հանցագործություն չի արել։ Վստահ եմ, որ մեր ճնշման, մեր բարձրաձայնման արդյունքում Արթուրին կտեսնենք ազատության մեջ»,- նշում է Սանասարյանը։ Լուսանկարվելով Արթուր Սարգսյանի նկարով պաստառը ձեռքին՝ պահանջին են միանում նաև շարքային երևանցիները։ Լուսանկարները կտեղադրվեն համացանցում՝ հիշեցնելու հաց բերողի արարքի մասին։ Լիլիթ Բաղդասարյանը նրա աջակիցներից մեկն է. «Ինքը հենց ծռական վարվեց, հենց Սասնա ծռի նման վարվեց՝ միանգամից տաք արյունով գնաց ու մտավ գունդ»։ «Լինելով քաղաքացի, անհանգստանալով մեր այսօրվա մեր վիճակից ելնելով, նկատելով, փորձեցի անտարբեր չանցնել։ Կարևորը՝ ազատ արձակվի, որ արդարությունն իր ճիշտ տեղը գտնի»,- նշում է Սուքիաս Մաթևոսյանը։ Արթուր Սարգսյանն այժմ մեղադրվում է զինված խմբի անդամներին օժանդակելու համար, որը նախատեսում է 8-ից 15 տարվա ազատազրկում։ Իսկ ակցիայի կազմակերպիչները պատրաստվում են հաց բերող Արթուր Սարգսյանի արարքի մասին խոսել ողջ հոկտեմբեր ամսվա ընթացքում։