Սիրո մասին կպատմեն ճապոնական ֆիլմերը (տեսանյութ)
Հոկտեմբերի 13-17-ը Հայաստանի երեք քաղաքներում՝ Երեւանում, Վանաձորում եւ Էջմիածնում, կանցկացվի Ճապոնական ֆիլմերի 11-րդ փառատոնը: Փառատոնի թեման սերն ու երիտասարդությունն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը նշեց, որ փառատոնի ընթացքում կցուցադրվի ճապոնական ութ ֆիլմ. «Ցուցադրվելիք բոլոր ֆիլմերն էլ նոր են եւ պատմում են սիրո մասին»: Ասուլիսին ներկա էր նաեւ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին, որի խոսքով՝ նախորդ տարի փառատոնն անցկացվել է Գյումրիում, իսկ այս տարի որոշել են Գյումրին փոխարինել Վանաձորով. «Ուրախ եմ, որ այս տարի էլ ունենք հնարավորություն անցկացնել ճապոնական ֆիլմերի փառատոն Հայաստանում: Երկու բան եմ ուզում ասել՝ փառատոնի այս տարվա թեման սերն ու երիտասարդությունն է: Իհարկե, կուզենայի, որ բոլորը դիտեին այդ ֆիլմերը, բայց կոչ կանեմ հատկապես հայ երիտասարդներին գալ ու դիտել դրանք: Եվ երկրորդը՝ այս տարի առաջին անգամ փառատոնը կանցկացվի Վանաձորում: Մենք աշխատում ենք նաեւ Հայաստանի շրջաններում, եւ հույս ունենք, որ մյուս տարի փառատոնը կանցկացնենք Հայաստանի Հարավային շրջաններից մեկում»: Ֆիլմերը Երեւանում կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնում, Վանաձորում՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում, իսկ Էջմիածնում՝ քաղաքապետարանում: Մուտքն ազատ է: