Ինչպես հաղթահարել ցավերը (տեսանյութ)
«Ցավը հասկանալու և հաղթահարելու համար տարբեր մասնագետներ պետք է համագործակցեն ցավի հիմնախնդիրը հասկանալու, կանխարգելելու, ախտորոշելու և բուժելու համար։ Ցավի բուժումը միակողմանի հնարավոր չէ»,- ասում է Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի ղեկավար Սոնա Հարությունյանը։ Նա հիշեցնում է՝ սթրեսի հետևանքով մարդու մոտ առաջանում են ցավեր՝ գլխի, մեջքի, սրտի շրջանում։ Ըստ նրա՝ նման ցավերը դժվար է ախտորոշել, սակայն բուժելի են. «Անհրաժեշտություն է լինում և դեղորայքային միջամտության, և հոգեբանական աջակցության»։ Իսկ ի՞նչ է անհրաժեշտ, ի՞նչ ջանքեր պետք է գործադրի մարդը՝ ցավը նախ հոգեբանորեն հաղթահարելու համար։ «Ա1+»-ի հարցին ի պատասխան, Սոնա Հարությունյանը կարևոր է համարում ցավի հոգեբանական պատճառը դուրս բերելը. «Մարդը կարողանալով կառավարել իր սթրեսը, կարող է հասնել հաջողության։ Նախ պետք է իմանալ սեփական անձնային հատկությունները, որպեսզի մեր իսկ ռեսուրսներով հնարավոր լինի հաղթահարել այդ սթրեսը, նաև՝ ցավը»։ Առօրյա հոգսերով տարված մարդիկ սթրեսը հաղթահարելու համար սեփական մեթոդներն են մշակել, մեկը դա անում է ծխելու միջոցով, մյուսը՝ զբոսանքն է նախընտրում։ Արդյո՞ք սրանք իրական արդյունք կարող են ապահովել։ Սոնա Հարությունյանը համաձայնում է «Ա1+»-ի դիտարկմանը, լրացնելով. «Սա վարքային մակարդակն է։ Բացի դա որպես սթրեսի հակազդեցություն կարող է դրսևորվել հուզական մակարդակով՝ նյարդային պոռթկումներ, լացկանություն»,- ասում է նա։ Սթրեսի ու ցավի չհաղթահարման պարագայում մարդն սկսում է դժվարությամբ ուշադրությունը կենտրոնացնել, որոշ բաներ չի կարողանում վերհիշել, որոշումներ կայացնելիս է դժվարություններ ունենում։ Սա հանգեցնում է կյանքի որակի ցածր լինելուն։ Ի դեպ, Հայաստանում կա կենտրոն, որտեղ քաղաքացին կարող է ստանալ համապատասխան աջակցություն։ Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնը մեր երկրում սկսել է գործել այս տարվա սեպտեմբերից։ Հոկտեմբերի 11-ը ցավի դեմ համաշխարհային օրն է։