Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչո՞վ են միավորվել՝ թղթո՞վ, ախր դա քիչ է». ՀՀԿ-ականը՝ Վանաձորի դավաճանների մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
lernik-alexanyan

Հանրապետականը մեղավոր չէ, որ Վանաձորում ընդդիմադիր որոշ գործիչներ խախտեցին ստորագրված պայմանավորվածությունը. «Ինքը չի ստորագրել: Էդ մարդը... Ուժերն են ստորագրել: Եկեք նայենք՝ ինքը լա՞վ կուսակցական է, թե՝ չէ, խնդիրը ստեղ ա կայանում, թող իրա կուսակցությունը մտածի»,- ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը: Ոչ ոք Հանրապետականին չի ծախվել, պարզապես ուրիշ քաղաքական ուժի մեջ գտնվող որոշ մարդիկ ավելի շատ գնահատեցին Հանրապետականի թեկնածուին, որին ավելի լավ գիտեին: Դա է տեղական ինքնակառավարման առանձնահատկությունը. «Բա քաղաքական ուժերի մասնակցության իմաստը ո՞րն է ՏԻՄ ընտրություններում, անհատից շատ բան ա կախված, անկախ նրանից, թե նա ինչ կուսակցության անդամ ա»: Կուսակցությունների դերը բարձրացնող Սահմանադրության ընդունումից հետո ընդդիմադիր ուժերը մեծամասնություն վերցնելուց հետո էլ չեն կարողանում իշխանություն դառնալ: Սա Լեռնիկ Ալեքսանյանի համար ոչինչ չի նշանակում. «Ընդդիմության մեծամասնություն ես չեմ ընդունում, ընդդիմությունը միանշանակ չի»,- ասում է հանրապետականը: Այն, որ ոչ միանշանակ տարբեր ընդդիմադիր ուժերը համաձայնագիր են ստորագրում մեկ թեկնածուի պաշտպանելու մասին, նոր Սահմանադրության կողմնակից Լեռնիկ Ալեքսանյանի համար  ոչինչ չի նշանակում. «Ինչո՞վ են միավորվել՝ թղթո՞վ: Ախր դա քիչ ա, գաղափարապես միավորվե՞լ են, էդ մարդիկ հավատացա՞ծ են, որ իրենց համաձայնագիրը ճիշտ ա: -Իրենք միավորվել են մեկ գաղափարի շուրջ՝ ընտրել իրենց քաղաքապետին: -Դա գաղափար չի»: Վանաձորում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները նույնպես Հանրապետական պատգամավորի համար չափանիշ չեն հասկանալու համար, թե ի վերջո ո՞վ է այս քաղաքում ավելի շատ ձայն հավաքել. «Արեք հլը հարցնենք էն ավագանուն որը Քրիստ Մարուքյանին չի քվեարկել եւ հասարակությանը: Էսօր շատ դժվար ա մեկի երկուսի ասածը վերագրել հարյուրավոր մարդկանց»,- կարծում է նա: Համենայնդեպս, ըստ Լեռնիկ Ալեքսանյանի, ընդդիմադիր կոչվող ուժերից որոշ մարդկանց քվեն կորզելով Հանրապետականն ավելի չարատավորեց իրեն: Այդ մարդկանց արածը նա անվանեց մասնավոր դեպք եւ նկատեց, որ խնդիրը ընդդիմադիր կոչվող ուժերի մեջ է՝ պիտի մեկ գաղափարախոսություն ունենային. «ԲՀԿ-ն ու Օրինաց երկիրը երբեք իրար նկատմամբ ոչ գաղափարապես ոչ մյուս, չեն եղել»: Այս մարդն ի դեպ, հաջորդ խորհրդարանում հայտնվելու ցանկությունը դժվարությամբ է թաքցնում: Բայց դա դեռ պետք է համապատասխանեցնի կուսակցության ցանկությունների հետ: