Եվրոպայի ֆուտբոլային փոքր երկրներն ընդդեմ խոշորների
Եվրոպական մի քանի երկրներ ցանկանում են ստեղծել ֆուտբոլի միասնական լիգա: Այդ մասին տեղեկացնում է դանիական ԲՏ օրաթերթը: Դանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Հոլանդիայի, Բելգիայի եւ Շոտլանդիայի առաջատար ֆուտբոլային ակումբները նպատակ ունեն ստեղծել նոր լիգա՝ որպես հակակշիռ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի: «Այո, նման բանակցություններ ընթանում են: Մենք անընդհատ տեսնում ենք, թե ինչպես են գերակումբներն ավելի հզորանում եւ հարստանում, իսկ մեր պես ակումբները հայտնվում են ծանր վիճակում», - ասել է Դանիայի չեմպիոն «Կոպենհագենի» նախագահ Անդերս Հորսհոլտը: Բանն այն է, որ սույն երկրների ֆուտբոլի ֆեդերացիաները համաձայն չեն ՈՒԵՖԱ-ի կայացրած այն որոշման հետ, ըստ որի 2018 թվականից Եվրոպայի առաջատար չորս ֆուտբոլային երկրները չեմպիոնների լիգայում կստանան 4-ական հաստատուն տեղ, իսկ մնացած 16 ուղեգրերը կվիճարկեն մնացած 49 երկրների միջեւ: