Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամբողջ գյուղը հավաքվել էր ամբուլատորիայում (տեսանյութ)

Հասարակություն
bzh

Գյուղ եկած բժիշկների մասին իմանալուն պես՝ ամբուլատորիա է շտապել 81-ամյա Անդրանիկ Բաքոյանը. «Գլուխս է ցավում, շաքար ունեմ, ճնշում ունեմ»,- գանգատվում է նա: Մի խումբ երիտասարդ բժիշկներ Երևանից Արարատի մարզի Լանջազատ գյուղ էին եկել՝ գյուղացիներին անվճար զննելու և դեղեր հատկացնելու առաքելությամբ։ Անդրանիկ պապի գանգատներն իմանալուց հետո բժշկուհի Հասմիկ Աբովյանը նշանակումներ է անում. «Բանջարեղեն է պետք իրեն, ձուկ է պետք, ձու, կաթնամթերք։ Երեք ժամը մեկ պետք է սնվի: Այն, ինչը պարունակում է ալյուր և շաքար, դրանից պետք է հեռու մնա»։ Անդրանիկ պապի հարսը՝ Շամամ Ուսուբյանն է նրան խնամողը։ «Դեղերը պետք է առնենք, որ պապին լավանա, ինչ գնի էլ լինեն»։ Հաջորդ այցելուն  75-ամյա Մալար Խուդոյանն է։ Ոսկրային ցավերն արդեն երկու տարի նրան հանգիստ չեն տալիս։ «Ձեռքս դողում է, քայլելիս պիտի նստած լինեմ, ընդեղ եմ գնում հոգիս գնում է, մրմուռը ինձ տանում է»։ Մալար տատին էլ են բժիշկները սննդակարգին հետեւելու խորհուրդ են տալիս։ Անվճար բուժօգնություն ստանալու հնարավորություն ունեցան ինչպես Լանջազատի, այնպես էլ հարակից գյուղերի տասնյակ բնակիչներ։ Կազմակերպիչը Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան է։ 2014 թվականից սկսած երիտասարդ բժիշկներն իրականացնում են «Օգնության ձեռք» նախագիծը։ «Նախաձեռնությունն ունի երկու փուլ, առաջին փուլով մենք զննում ենք հիվանդներին, հիվանդություններն ու դեղորայքները գրանցում ենք, երկրորդ փուլը՝ գտնում ենք հովանավորներ, որ կարող են հոգալ բուժման ծախսերը»,- ասում է Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Անուշ Բադալյանը: Երիտասարդ  բժիշկները չեն վարձատրվում, ավելին՝ մարզեր հասնելու և քաղաքացիներին օգնելու համար այս խմբում հայտնված յուրաքանչյուրն ինքն է ներդրում անում։ Ի դեպ,  մյուս  մարզերի բնակիչներն էլ կարող են սպասել երիտասարդ բժիշկներին։