Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՓԱԿՎԵԼ Է ԴՊՐՈՑԻ ՄԻԱԿ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆԸ

Մարզեր

Փակվել է Գյումրիի 10-րդ դպրոցի կրտսեր առաջին դասարանը։ Դասվարն ու ծնողները պնդում են, թե Շիրակի մարզպետարանի կրթության վարչությունը խախտել է իրենց եւ երեխաների իրավունքները, իսկ կրթության վարչությունն իր հերթին պարզաբանում է, որ դասարանը ստեղծվել է անօրեն ճանապարհով։

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը պարզաբանում է, որ փակված դասարանի 12 աշակերտից միայն 4-ի տարիքն է համապատասխան դպրոց գնալու համար։ Խնդիրն այն է, որ 12-ամյա կրթական համակարգի անցնելու պայմաններում այս տարի ձեւավորվել են երկու տիպի առաջին դասարաններ. եթե երեխան սովորելու է 12 տարի, ապա դպրոց է ընդունվում 5,5 տարեկանից, իսկ եթե երեխայի տարիքն արդեն անցել է նշվածից, ապա նա դպրոց է ընդունվում 6,5 տարեկանից` երկրորդ տիպի առաջին դասարան, որտեղի աշակերտները սովորելու են 11 տարի: Ի դեպ, եթե երեխան, ասենք` 6,3 տարեկան է, ապա, ըստ օրենքի, երկրորդ տիպի դասարանում սովորելու իրավունք չունի: Այսպիսով ծնողները փորձել են «տնտեսել» իրենց երեխաների ուսուցման համար նախատեսված մեկ տարին:

Դասարանի լուծարման կապակցությամբ բողոքի ակցիա էր կազմակերպվել եւ չնայած այն հանգամանքին, որ կրթության վարչության մուտքի մոտ բողոքի ակցիային ծնողների հետ մասնակից երեխաները շատ էին ցանկանում վերադառնալ դպրոց, կրթության վարչությունը օրենքից շեղվել չուզեց։ Վարչությունը փոքրիկներին ցույց է տալիս այն ճանապարհը, որտեղից եկել են. հետդարձ դեպի մանկապարտեզ: Իսկ այն 4 աշակերտներին, որոնց դպրոցական տարիքը 11-ամյա ուսուցման համար լրացել է, առաջարկել են տեղափոխվել այլ դպրոցներ, քանի որ թիվ 10 դպրոցում որեւէ այլ առաջին դասարան այլեւս չկա:

Սահակ Մինասյանը նաեւ հայտարարել է, որ օրենքը խստագույնս խախտած տնօրինությունն ու երեխաների փաստաթղթերն ընդունած հանձնաժողովականները կենթարկվեն պատժի։

Արմենուհի Մինասյան

«Ցայգ» ՀԸ