Իտալիայում երկրաշարժը ֆուտբոլային խաղ է ընդհատել
Երեկ ուշ գիշերով Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով մի քանի րոպեով ընդհատվել է Ա սերիայի 10-րդ տուրի «Պեսկարա» - «Ատլանտա» հանդիպումը: Ինչպես նշում են տեղական լրատվամիջոցները, խաղի 32-րդ րոպեին ստորգետնյա ցնցումները խուճապ են առաջացրել հանդիսականների մոտ: Հանդիպման մրցավարը ընդհատել է խաղը՝ մտածելով, որ ֆուտբոլասերներն անկարգություններ են հրահրել տրիբունաներում: Սակայն հետո պարզվել է, որ ուժեղ երկրաշարժն է ոտքի հանել երկրպագուներին: Հարկ է նշել, որ հանդիսականների մեծ մասը լքել են մարզադաշտը, մտածելով, որ խաղը հետաձգվում է, սակայն մոտ հինգ րոպե հետո գլխավոր մրցավարը թիմերին հրավիրել է խաղադաշտ եւ վերսկսել հանդիպումը: Երկրաշարժը զգացնել է տվել նաեւ «Լացիո» - «Կալյարի» եւ «Ֆիորենտինա» - «Կրոտոնե» խաղերի ժամանակ, սակայն Հռոմի եւ Ֆլորենցիայի ֆուտբոլասերները հանգիստ են տարել ստորգետնյա ցնցումները: