Ֆրանսիացի կինոգետը՝ հայաստանյան անիմացիայի և գինու մասին
«Չեմ տեսնում որևէ պատճառ, որ հայ անիմատորների հետ համագործակցությունը հնարավոր չլինի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման 8-րդ փառատոնի ֆիլմերի ժյուրիի անդամ, կինոգետ ֆրանսիացի Ժան-Պոլ Կոման, որն այսօր վարպետության դաս անցկացրեց հայ կինոսիրողների համար: Կոման առաջին անգամ է Հայաստանում: Ասում է, որ դեռ վաղ է կարծիք կազմել Հայաստանի եւ հայկական կինոյի մասին։ Փոխարենը հասցրել է նկատել, որ շատ լավ գինի ունենք, ինչը ֆրանսիացու համար շատ կարևոր է: Թե ինչպես են նրան դիմավորել այստեղ, թույլ է տալիս նրան մտածել, որ այդ կարծիքը դրական է լինելու։ «Վաղուց գիտեմ «Ռեանիմաիայի» մասին, եւ շատ տպավորված եմ կազմակերպչական աշխատանքներով, քանի որ գիտեմ, թե ինչ դժվար է նախադիտում կազմակերպել այն ֆիլմերի, որոնք նույնիսկ իրենց երկրներում դեռ չեն ցուցադրվել: Կարծում եմ՝ Հայաստանի նման երկրում, որտեղ անիմացիան այդքան զարգացած չէ, շատ կարևոր է նման փառատոների անցկացումը: Դա առաջին միջոցն է Հայաստանի համար ապագայում արտասահմանյան պրոդյուսերների հետ համագործակցության դուռ բացելու համար»: Մեր հարցին, թե տեսնու՞մ է արդյոք այդ պոտենցիալը, կինոգետը պատասխանեց. «Մենք սովոր ենք աշխատել աշխարհի տարբեր երկրների մարդկանց հետ՝ ստեղծելով ֆիլմեր, եւ որևէ պատճառ չեմ տեսնում, որ հայ մասնագետները չկարողանան դառնալ այդ անիմացիոն ընտանիքի անդամը: Հուսով եմ՝ փառատոնի ավարտից հետո առավել հստակ կկարողանամ պատասխանել ձեր հարցին»,-ասաց նա: Ժան-Պոլ Կոման դժվար թե կարողանա այցելել Երևանից դուրս գտնվող տեսարժան վայրեր, բայց խոստացավ այցելել մայրաքաղաքի կարևոր թանգարանները, հատկապես՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: