Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 22-ը դեկտեմբերի․ «Պետք է մահապարտներ պատրաստենք» (տեսանյութ)

1993-ի դեկտեմբերի 22-ին լրանում է մեկ ամիսը, ինչ Հայաստանը անցել է ինքնուրույն դրամական միավորի: 30 օրվա ընթացքում դրամն արժեզրկվում է գրեթե հինգ անգամ: Մեկ դոլարն արդեն արժե 80 դրամ: Նվազագույն աշխատավարձը սրանից կրկնակի քիչ է: Նրանով կարելի է գնել 200 գրամ միս կամ երկու ձու: Ծայրահեղ դեպքում 20 տուփ լուցկի:

Հիպերինֆլյացիային նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ նախագահը համերկրացիներին գոյություն պահպանելու համար խորհուրդ է տալիս պարտք վերցնել հարեւաններից կամ բարեկամներից: Թոշակառու Արաքսյա Խաչատրյանը մամուլի միջոցով հենց Տեր-Պետրոսյանից 1000 դոլար գումար է խնդրում գարնանը փակվելու պայմանով:

1997-ի այս օրը զոհված ազատամարտիկների ընտանիքին նվիրված հեռուստամարաթոն է ընթանում Կամերային երաժշտության դահլիճում: Մարդիկ անհամբեր են իրենց նվիրատվություններն անելիս:

1997-ի այս օրը Երեւանում նշում են էներգետիկի օրը։ Էներգետիկայի նախարարի տեղակալ Ռոբերտ Նազարյանն ասում է, որ 92-94 թվերին այս համակարգ մութ գործեցին տարբեր մութ անձնավորություններ, որոնք մեզ քայքայման հասցրին։ Օրվա առիթով Պարոնյանի անվան թատրոնում ցուցադրվեց «Ախ ներվեր, ներվեր» պիեսը:

Նույն օրը նշում են ջազի լեգենդ Ռոբերտ Յոլչյանի բեմական գործունեության 60 տարին։ Նա 1939-ին Արտեմի Այվազյանի հետ հիմնադրում է ջազ նվագախումբ։ Ճաղերի հետեւում հայտնված Առաքել Մովսիսյանն իրեն մեղավոր չի ճանաչում։ Ընդամենը նախորդ օրը վկան այս դահլիճում խոսում էր, թե ինչպես են իր ընկերությունից տարել 27 միլիոն դրամ արժողությամբ ոսկին։

1999-ի այս օրը քաղհայցվորն արդեն ուրիշ բան է ասում՝ ինքը դժգոհ է զինվորական դատախազությունից եւ գործն իրականացնող քննիչից։ «Ինձ խաբել են,-ասում է հայցվորը,-նախաքննություն իրականում չի եղել։ Ինձ խոստացել էին վերադարձնել ամբողջ գումարը, եթե ստորագրեմ որոշ փաստաթղթեր»:

ՀՀՇ 12-րդ համագումարն արձանագրում է, որ իշխանությունը կորցրած աջ ուժերը դատապարտված են համախմբվելու, որպեսզի վերադարձնեն իշխանությունը ։ Հույս ունեն, որ 2000-ի դեկտեմբերի 22-ին տեղի ունեցող համագումարը թափ կտա կուսակցությանը եւ կստիպի ավելի ակտիվ լինել իշխանությունը վերադարձնելու հարցում։ Վարչության նախագահ Վանո Սիրադեղյանը Հայաստանում չէ, քրեական հետապնդման պատճառով նա թողել է երկիրը, հավանաբար կթողնի նաեւ նախագահի աթոռը: Համագումարին ներկա առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը լռության ուխտի մեջ է։ Նրան հենց համագումարից համագումար էլ կարելի է տեսնել։ Հիմա նա գիրք է գրում խաչակիրների մասին:

«Ազատագրված տարածքներ» հ/կ-ն 2001-ի դեկտեմբերի 22-ին հանդիպում է մտավորականության հետ ։ Թեման ազատագրված տարածքները կորցնելու սպառնալիքն է։ Ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը նկատում է, որ նույնիսկ դրսի ուժեր կան, որոնք մեզ կօգնեն բնակեցնել այդ տարածքները:

Նույն օրն իրավագիտության դոկտոր Ռոբերտ Նազարյանը հայտարարում է, որ նախագահ Քոչարյանի հայտարարած սահմանադրական փոփոխությունների համար Հայաստանում համապատասխան մթնոլորտ չկա։ Ընդդիմության նախագծի կողմնակից դոկտորի կարծիքով մեր երկրին հանդուրժողականություն սերմանող Սահմանադրություն է պետք:

2003-ի այս օրը Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը հայտարարում է, որ քաղաքապետի պաշտոնը պետք է նշանակովի լինի։ Փոխարենն, ըստ նրա, ավագանին պետք է լինի ընտրովի։ Պարոն Զախարյանը գիտի, որ Եվրոպան հենց ընտրովի քաղաքապետ է ուզում։

2005-ի այս օրը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարում է, որ նոյեմբերի 27-ի հանրաքվեից հետո խաթարվել է բոլոր քաղաքական ուժերի վարկը, թեպետ Դաշնակցությունը կեղծիքներին չի մասնակցել։

2006-ի այս օրը դատարանն արդարացնում է Մատաղիսի գործով ցմահ ազատազրկման դատապարտված երկու զինծառայողներին, որոնք մեղադրվում էին երկու զինծառայողի սպանության համար։

2010-ի դեկտեմբերի 22-ին խորհրդարանն ընդունում է «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին»օրենքների վիճահարույց փոփոխությունները ։ Ընդունվում է նաեւ Պետական կենսաթոշակի մյուս վիճահարույց օրենքը։ Երեք օրինագծերի քվեարկությանն ընդդիմությունն ամբողջ կազմով չի մասնակցում։ Սակայն դա Հանրապետականի համար խնդիր չէր։