Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 21-ը դեկտեմբերի․ Սամվել Բաբայանն ուզում է, որ Հայաստանի իշխանությունները պարզաբանեն՝ ինչքան են զիջելու (տեսանյութ)

Նոր Հաճընի փախստականների թաղամասում ապրող այս ընտանիքը 1997-ի այս օրը մեկ ժամվա ընթացքում կորցրեց ամեն ինչ: Նրանց ժամանակավոր կացարանում հրդեհը բռնկվել է առավոտյան, թաղամասում ջուր չկա, իսկ հրշեջ մեքենան չունի բենզին: Հիմա նրանք ձմեռային այս օրը փողոցում են առանց անկողնու, տաք հագուստի, սնունդի պաշարի։

Ղարաբաղի պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը 1998-ի դեկտեմբերի 21-ին Երեւանի պետական համալսարանի ուսանողների հյուրն է: Արցախում «կամանդույուշչու» տիտղոս ունեցող այս մարդը «անկախ Արցախ» ձեւակերպումն էլ չի ընդունում: Նա եկել է նաեւ ուսանողներին ասելու, որ իր համար Արցախի հարցը փոխզիջումներով լուծելու տարբերակ չկա: Թեպետ գիտի, որ կան բանակցություններ եւ ինչ-որ բան զիջելն անխուսափելի է՝ ուզում է, որ Հայաստանի իշխանությունները պարզաբանեն՝ ինչքան են զիջելու: Ի դեպ այս մարդը նկատեց, որ զիջումներից հետո ղարաբաղցիների համար շատ չի անհանգստանա՝ նրանց 70 տոկոսը Հայաստանում տուն ունի: Ինքը չի գա, շատ է սիրում Ղարաբաղը եւ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների պես Հայաստան չի տեղափոխվի։

1999-ի նոյեմբերից Արցախում լույս է տեսնում առաջին անկախ թերթը՝ 10-րդ նահանգը: Թերթի տպագրմանը,-խմբագիրը չի թաքցնում,-օգնել է Սամվել Բաբայանը: Բայց ոչ գումարով: Այս օրերին հարթ չեն Բաբայանի եւ Արցախի քաղաքական իշխանության հարաբերությունները: 10-րդ նահանգը քննադատում է Արցախի հենց քաղաքական իշխանություններին. հասարակությունը սա չի ընկալում՝ պատերազմող երկիր ենք։

2000 թվականի դեկտեմբերի 21-ին կառավարությունում պատրաստ է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը գերակա ճյուղ ճանաչելու մասին որոշման փաստաթուղթը: Հույս ունեն, որ ոլորտի զարգացումով կկանխեն արտագաղթը, ամբողջ աշխարհում հարգի են այս ոլորտի մասնագետները, որոնցից մեր մոտ է երկու հազար հոգի։

2000-ի դեկտեմբերի 21-ին գիտնականները պատրաստվում են դատարան քարշ տալ նախագահին, կառավարությանը, խորհրդարանին եւ այլ չինովնիկների, որպեսզի ստանան իրենց աշխատավարձերը: Իրենք չեն ստանում, մինչդեռ Ակադեմիայի աշխատողներն ստանում են։

2000-ի այս օրը Մարքսիստական կուսակցությունը կոնֆերանս է գումարում: Հայաստանի փրկության համար կա 20 պոստուլատ,-ասում է կուսակցության նախագահը: Մարքսիստն ասում է նաեւ, որ դեմ է ընդդիմության քարոզած պառլամենտական համակարգին՝ մեզ ուժեղ նախագահ է պետք: Եվ ոչ մի վարչապետ: Իսկ հայկական դիվանագիտության մասին Դավիթ Հակոբյանն ուղղակի խոսքեր չունի։

Նույն օրը խորհրդարանում ներկայացվում էր 2001-ի պետբյուջեի նախագիծը: Պատգամավորներն ասում են՝ սա զարգացման բյուջե չէ, մեկ քայլ անգամ առաջ չենք գնում: Եվ ներկայացնում են ճոխ առաջարկներ։ Եթե նախագահի թիկունքում լինի հզոր քաղաքական ուժ, ինքը կառաջարկի անցնել խորհրդարանական համակարգի:

2001-ի դեկտեմբերի 21-ին մարգարեանում է Հրանտ Խաչատրյանը: Չնայած Քոչարյանն ասել էր, որ Սահմանադրության երկրորդ նախագիծ չկա, խորհրդարանի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը քննարկում է 6 կուսակցությունների նախագիծը, որը խորհրդարանական է: Սրա կողմնակիցները համաձայն չեն, որ Հայաստանում կուսակցական համակարգը կայացած չէ։ Ի դեպ, խորհրդարանական համակարգին դեմ է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Կոմունիստները զարմացած են՝ բայց 1994-ին կողմ էիք։

2002-ի դեկտեմբերի 21-ին պանթեոնում հուղարկավորվում է հայ հանճարեղ արձակագիր Հրանտ Մաթեւոսյանը: Նա մահացել էր երկու օր առաջ:

2010-ի այս օրը Ազգային Ժողովում սուր քննարկումներ են լեզվի մասին օրենքի նախագծում տեղ գտած փոփոխությունների պատճառով: Ըստ դրանց, հանրապետությունում պետք է գործի 11 օտարալեզու դպրոց, ուստի հայոց լեզուն կմղվի հետին պլան։