Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԵՍ ՏՈՆԻ ԵՄ ՎԵՐԱԾՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՅԱՆՔԸ»

Մշակույթ

Արգենտինայի եւ ՌԴ նախագահների, Հռոմի Պապի, Լիբանանի վարչապետի, Բուլղարիայի ազգային ժողովի նախագահի, Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի, Ֆրանսիայի սենատի նախագահի, Կարեն Դեմիրճյանի եւ այլ պաշտոնյաների աշխատասենյակների պատերը զարդարող նկարների հեղինակն այսօր ներկայացավ հայ արվեստասերին: Նկարիչ Տիգրան Մատուլյանի անհատական ցուցահանդեսը առանձնահատուկ մի երեւույթ է այսօրվա հայ արվեստի համար, քանի որ նկարչին ավելի լավ ճանաչում են արտերկրում:

Երեւանի «GABONE» ժամանակակից պատկերասրահում այսօր բացված ցուցահանդեսին նկարիչը ներկայացրել էր իր շուրջ 40 նկարները, որոնք ստեղծել է այս տարվա ընթացքում: «Տիգրան Մատուլյանն ունի շատ ուրույն դեմք: Ոչ նմանը ունեցել ենք, որ ասենք, թե որտեղից է եկել, ոչ էլ ուրիշ շարունակողներ կան, որովհետեւ դա հնարավոր չէ: Տիգրանը ունիկալ երեւույթ է»,- արվեստագետ Հենրիկ Իգիթյանն այսպես արտահայտվեց Տիգրան Մատուլյանի մասին: Հանրահայտ նկարիչ Վարդգես Սուրենյանցից հետո, Տիգրան Մատուլյանը միակն է, որ «օռնամենտացիան» (զարդանախշ-խմբ.) առանձնացնելով նկարից` մատուցում է այն, որպես առանձին արվեստ:

«Օռնամենտով իմ կյանքը, իմ երեխայի եւ իմ մոտիկների կյանքը վերածել եմ զարդի: Դա մի պարզ զգացմունք է, ընդ որում սիրո զգացմունք,- ասում է Մատուլյանը: «Նկարներն իրոք շատ գեղեցիկ են, կարծես զարդաքանդակներ լինեն` թեեւ խիստ որոշակի մոտիվներով ու ընտրված գույների սահմանազատումով»,- նկատում են ներկաները, իսկ արվեստագետի ընկերները նշում էին, որ Տիգրանի արվեստը ձգում է բոլորին իր պայծառությամբ, իր աշխատասիրությամբ եւ կյանքի նկատմամբ ունեցած մեծ սիրով:

Տիգրան Մատուլյանը բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել Մոնրեալում, Տորոնտոյում, Լիբանանում եւ Հայաստանում: Վերջերս ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը տեղի նկարիչների համար կազմակերպել էր Հազարամյակի զարգացման նպատակների թեմայով մրցույթ: Հաղթող է ճանաչվել Տիգրան Մատուլյանը: Նրա 8 աշխատանքները պետք է նկարազարդեին Հայաստանում Հազարամյակի զարգացման նպատակների մասին զեկույցի եւ դրան նվիրված վավերագրական ֆիլմի շապիկները, ինչպես նաեւ վերածվեցին պաստառների, որոնք իրենց տեղը գտան բոլոր նախարարություններում: