«Տվեք իմ երեխային». հուսահատ մայրերի ակցիան՝ ԴԱՀԿ-ում (տեսանյութ)
Այսօր մի խումբ ակտիվիստներ եւ մայրեր հավաքվել էին ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության շենքի մոտ՝ պահանջով վերջապես կատարել երեխաների խնամքի հետ կապված դատական վճիռները:
Ակցիայի կազմակերպիչ՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող Զառա Հովհաննիսյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ ակցիան սկսվել է դեռ երեկ՝ նստացույցով:
«Այսօր արդեն վարչության պետերից մեկը՝ Գագիկ Միրիջանյանը, իջավ եւ հանդիպման հրավիրեց մայրերին: Նրանք խնդրեցին, որ իրավապաշտպաններն ու ԶԼՄ-ների ներկայացուցիչները նույնպես ներկա գտնվեն, սակայն ԴԱՀԿ-ն խոչընդոտեց այդ թափանցիկությանը»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք պահանջում են նաեւ գտնել եւ պատասխանատվության ենթարկել այն հարկադիր կատարողներին, ովքեր այս կամ այն հարցում կամայականություն են դրսևորել.
«Եթե դատարանը վճռել է, որ հայրը կամ մայրը կարող է պահել երեխային կամ այդ երեխան պետք է ապրի հոր կամ մոր հետ, ԴԱՀԿ-ն դա վիճարկելու, դրա շուրջ այլ բաներ մտածելու, որոշումներ կայացնելու իրավասություն ամենևին չունի»,-նշեց նա:
ԴԱՀԿ-ում մոտ մեկ ժամ հանդիպմանը մասնակցած 25-ամյա Լենա Հարությունյանը չկարողացավ մինչև վերջ մնալ՝ նյարդերը տեղի տվեցին, եւ նա բոլորից շուտ դուրս եկավ: Հուզմունքը հաղթահարելով՝ նա լրագրողներին ասաց, որ վերևում իրեն ստանդարտ խոսքեր ասացին՝ «մենք օրենքի սահմաններում ամեն ինչ անում ենք»:
«Ի՞նչ են նրանք անում օրենքի սահմաններում: Եթե ես բերել եմ կատարողական թերթը, որ պետք է երեխայիս կերակրեմ, որովհետեւ իմ կրծքից գողացել տարել են, ինձ հարգարժան Միրիջանյանն ասում է՝ իմ սենյակում կկերակրես, երեք ժամը մեկ կկերակրես, հետո տեսակցություն չի սահմանում»,-նշեց երիտասարդ մայրիկը, ով արդեն հինգ ամիս է՝ չի տեսել իր նորածին որդուն.
«Երեխային տարել է նրա կենսաբանական հայրը: Չորս ամիս նա հետախուզման մեջ են, վերջապես գտել են նրան, բայց նա այսօր եկել է ԴԱՀԿ եւ հայտարարել, որ երեխան իր մոտ չէ, տվել է երրորդ անձի: Իմ պետությունում իմ անչափահաս 5 ամսական երեխային վերցրել, հանձնել են երրորդ անձի ու ոչ մեկ ոչ մի գործողություն չի անում: Իմ երեխային առևանգել են: Ո՞ւմ մոտ է իմ երեխան, ո՞վ է զբաղվելու դրանով, ի՞նչ եմ սպասում ես այս պետությունից: Եթե վաղը երեխային ինչ-որ բան լինի, ինձ ասելու են՝ մենք օրենքի սահմաններում ինչ կարողացանք՝ արեցինք, մեզ կներեք»:
ԴԱՀԿ-ում Արմինե Ավոյանին խոստացել են երկու օրվա ընթացքում լուծել նրա երեխայի խնամքի հետ կապված հարցը: 2014 թվականից ամուսնալուծված Արմինեն որդու խնամակալությունը ստանալու համար անցել է դատական բոլոր ատյաններով.
«Երեխային ԴԱՀԿ-ի մոտից գողացել է պապիկը: Երեք դատարանները սահմանել են երեխայի բնակության եւ դաստիրակաության հասցեն իմ, այսինքն՝ մոր հասցեն: Մինչեւ հիմա իմ երեխան ինձ մոտ չէ»:
Դատարանը, երեխայի լավագույն շահերից ելնելով, նպատակահարմար է գտել, որ նա բնակվի մոր հետ, բայց արդեն մեկ ամիս է՝ ԴԱՀԿ-ը չի կատարում դատարանի որոշումը:
Ի դեպ, Արմինե Ավոյանը նշեց, որ որդին՝ Արմանը, 6 տարեկան է, բայց դպրոց չի հաճախում:
«Երևի հոր ցանկությունն է, բայց չէ՞ որ կան պատկան մարմիններ, որոնք պետք է զբաղվեն այդ հարցով: Նրանք այսօր անգործության են մատնված»: