Փաստաբանը դիմել է ՄԻԵԴ՝ որոշման կատարումը իրականացնելու համար (տեսանյութ)
Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները: Փաստաբան Սեդա Սաֆարյանը դիմել է ՄԻԵԴ վճիռների կատարման վարչությանը՝ միջոցներ ձեռնարկելու Նալբանդյաններն ընդդեմ Հայաստանի որոշման կատարումը իրականացնելու համար: «Երեւի Վճռաբեկ դատարանը ինձ ուզում է դա հուշի, որ տեսեք որքան էլ որ Եվրոպական դատարան դիմեցիք, մենք էլի մեր ներպետական դատարանում ոնց ուզում ենք, այնպես էլ լսում ենք»,- «Ա1+»-ին ասաց Սեդա Սաֆարյանը: Փաստաբանը գործը վերաբացելու համար հայց է ներկայացրել։ Գործը վարույթ ընդունելուց 1 տարի հետո Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել 15-ամյա Սյուզաննա Սարգսյանի դաժան սպանության մեջ մեղավոր ճանաչված Նալբանդյանների գործը կրկին քննելու համար, սակայն որոշմանը պաշտպանական կողմը սպասում է ամիսներ շարունակ. «Հուլիսի 24-ին հասկացանք, որ գործն ուղարկվում է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, բայց պատկերացրեք արդեն 4 ամիս է, մենք անգամ որոշումը չենք ստացել»։ 2015 թ մարտին կայացված որոշման մեջ Եվրադատարանը նշել էր, որ 62000 եվրո պետք է վճարվի Նալբանդյան ընտանիքին՝ արդար դատաքննության իրավունքի խախտման եւ խոշտանգումների համար։ Ըստ փաստաբանի՝ նախաքննության ընթացքում ինքնախոստովանական ցուցմունքները կորզվել են խոշտանգումների միջոցով: Հետագայում դատարանը ոչ միայն նրանց, այլ նաեւ ականատեսների ցուցմունքները հաշվի չի առել. «Չարված սպանությունը վերագրել են մարդուն: Չարվածի համար 14 տարի նստելու պատճառով է, որ նրա արցունքները չեն դադարում: Հնարավոր չէ գնալ Նալբանդյանի մոտ եւ բացատրել, որ երկու տարի շարունակ Վճռաբեկ դատարանը մտածում է, թե ինչ անի: Մարդու համար հասկանալի չէ դա»,- ավելացնում է Սեդա Սաֆարյանը: Հիշեցնենք, որ Բագրատ Նալբանդյանը դատապարտվել էր 9, իսկ Նարինե Նալբանդյանը 14 տարվա ազատազրկման՝ իրենց դստեր ընկերուհու սպանության մեղադրանքով։ Բագրատ Նալբանդյանը ամբողջովին կրել է իր պատիժը, իսկ Նարինե Նալբանդյանը դեռ մեկ տարի կմնա անազատության մեջ։