«Հանդիսատեսի համակրանք»-ին ընտրել են Գավառի մանկատան երեխաները
Նոյեմբերի 5-ին մեկնարկած «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնն այսօր Մոսկվա կինոթատրոնում ամփոփեց արդյունքները: Փակման արարողության ժամանակ ներկայացվեցին մասնակից ֆիլմերն ու մուլտֆիլմերը: Փառատոնի կազմակերպիչներն այս տարի մրցանակներ հանձնեցին «Հանդիսատեսի համակրանք», «Ես իրավունք ունեմ», «Պատիվ ունեմ», «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ», «Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ» և «Խաղարկային ֆիլմեր» անվանակարգերում:
Անվանակարգերի ժյուրիի անդամները մայրաքաղաքի և հանրապետության մի քանի մարզերի պատանեկան հաստատությունների երեխաներն էին, ովքեր փառատոնի ընթացքում դիտելով ֆիլմերը յուրաքանչյուր անվանակարգում ընտրել էին հաղթողին, իսկ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողին ընտրել էին Գավառի մանկատան երեխաները:
«Փառատոնը մեծ նվեր է մատուցում մեր երեխաներին: Գավառի մանկատան երեխաներին «Ռոլան» փառատոնը հնարավորություն է տալիս դիտել նոր ֆիլմեր, որոնք դեռ ոչ մեկը չի տեսել»,- նշում է մանկատան աշխատակից Նաիրա Խանդարյանը:
Մանկատան երեխաները «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթած «Կորած եղբայրը» ֆիլմի անունը հայտարարելուց առաջ չկարողացան զսպել իրենց արցունքները: Երեխաներից մեկը դուրս գալով բեմ հուզմունքից չկարողացավ արտասանել փառատոնի կազմակերպիչ Նունե Մանուկյանին նվիրված` իր գրած բանաստեղծությունը:
«Ռոլան Բիկով» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանն ամփոփելով փառատոնի արդյունքները հայտարարեց, որ ավարտվեց փառատոնի միայն երևանյան փուլը, որից հետո փառատոնը կշրջագայի Հայաստանի մարզերով, իսկ վերջում կուղևորվի Արցախ: