Կառավարության շենքի մոտ փորձում են արդարադատությունն առողջացնել. ակցիա (տեսանյութ)
«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները պատրաստ են գնալ կտրուկ քայլերի, օրինակ՝ կրկին ճանապարհ փակել, եթե այս անգամ էլ իրենց հարցին լուծում չտրվի. «Ա1+»-ի հետ զրույցում ասաց գործարանի նախկին աշխատակիցներից Տիգրան Մինասյանը: Նրանց պահանջը մեկն է՝ վերագործարկել «Նաիրիտը»:
«Վարչապետը ԱԺ-ում միշտ հայտարարում է, թե 10 տարվա կտրվածքով ներդրողների ծրագիր ներկայացրեք, կաջակցենք: Հիմա Սլովակայի հոլդինգի ղեկավար պարոն Գրիգորյանի գլխավորությամբ՝ պատրաստ ենք ներկայացնել ծրագիր՝ մինչեւ 2030 թվականը»,- նշեց Տիգրան Մինասյանը՝ հավելելով, որ մոտ օրերս վարչապետին կներկայացնեն այդ ծրագիրը, իսկ մինչ այդ նրանք հանդիպում են պահանջում Կարեն Կարապետյանի հետ:
Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը եւս այսօր կառավարության շենքի առջև էին հավաքվել: Անահիտ Մկրտչյանը, ում որդու՝ Արայիկ Ավետիսյանի, մահվան 15-րդ տարելիցը լրացել է հոկտեմբերի 30-ին, պահանջում է գտնել իր որդուն սպանողին. «Քրեական գործում կան բոլոր ապացույցները, որ դա եղել է դիտավորյալ սպանություն, բայց բոլոր պատկան մարմինները աչք են փակում դրա վրա: Տղայիս սպանել են 5 հոգու ներկայությամբ: 2009 թվականին գործը կասեցրել են՝ սպանությունը կատարող անձի՝ անհայտ լինելու պատճառով: Իրենց ստեղծած քրեական գործով աստիճանաբար իմ համոզմունքն ամրացավ, որ սպանությունը կատարել է գումարտակի հրամանատարը»,- մեզ հետ զրույցում պատմեց տիկինը: Նրա խոսքով՝ դեռ հույսը չեն կորցրել, թե արդարությունը վերականգնվելու է. «Քանի կենդանի եմ, պիտի պայքարեմ: Որ ասեմ բացարձակ սպասելիքներ չունեմ, սուտ կլինի, չէի գա եւ չէի կանգնի այստեղ: Փորձում ենք հիվանդացած արդարադատությունը առողջացնել, միգուցե սա է այդ պահը»:
Ի թիվս այլ քաղաքացիների, իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել նաեւ հաշմանդամ օդաչուները: Ջիվան Ալավերդյանը, որը 1986 թվականին ինքնաթիռի փորձարկման ժամանակ ստացել է ողնաշարի կոտրվածք եւ որակազրկվել, 2006 թվականից ի վեր՝ չի ստացել Հայկական ավիաուղիների կողմից նշանակված է՝ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման գումարը, որը ամսական կազմում է 64 հազար դրամ:
«Մեզ 10 տարի կերակրում են, թե Սևանում ունենք հողեր, դրանք կվաճառվեն, եւ մեր գումարները կտան, բայց մենք ամռանը բացահայտեցինք, որ Սևանի այդ ափամերձ տարածքը՝ 800 մետր հողը, գոյություն չունի, Հայկական ավիաուղիների հողատարածքը՝ 11 հա, գտնվում է ափամերձ տարածքից 300-500 մետր հեռու եւ ոչ մի արժեք չի ներկայացնում, ավելին՝ պարզեցինք, որ այդ հողերը ավիաուղիներին են տրամադրվել կառուցապատման իրավունքով՝ մինչեւ 2035 թվականը»,-նշեց Ալավերդյանը:
Հաշմանդամ օդաչուները սեփական գրպանից վճարել են անկախ փորձագետի, որպեսզի վերջինս կատարի հողերի այդ գնահատումը. «Պարզվեց, որ այդ հողերը սնանկության կառավարիչը եւ դատավորը ներկայացնում են աճուրդի կրկնակի թանկ գնով, որ չվաճառվի, այսինքն՝ միտումնավոր ձգձգում են, որ մեզ չվճարեն»,-ասաց նախկին օդաչուն՝ նշելով, որ 138 օդաչուներից այսօր ողջ է 52-ը:
2006 թվականից ի վեր՝ պետությունն այս մարդկանց 700-800 միլիոն դրամ է պարտք, բայց նախկին օդաչուները դա էլ չեն ուզում. «Մեր գումարը մեծ է, մենք առաջարկել ենք վարչապետին, որ որոշակի ժամանակով դա սառեցնի՝ ելնելով մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակից, մենք դա հասկանում ենք, չենք պահանջում: Պարզապես գոնե հաջորդ տարի մեզ սկսեն ամսական գումարները վճարել»,-ասաց Ջիվան Ալավերդյանը: