Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան. Դավիթ Բաբայան

Քաղաքականություն
babayan

Անցած գիշեր եւ այսօր առավոտվանից շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի իրականացած սադրիչ գործողությունների արդյունքում հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան: Այս մասին այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Իրավիճակը սահմանին այն է, ինչ եղել է մշտապես, որեւէ արտառոց բան տեղի չի ունենում: Հակառակորդը երբեք էլ չի դադարեցրել կրակոցները, մի օր ավելի շատ են կրակում, մի օր ավելի քիչ:  Սահմանին կանգնած մեր տղաների համար սա սովորական բան է, սա մեր առօրյան է»,-ասաց Դավիթ Բաբայանը, հավելելով, որ իրավիճակն այս պահին վերահսկելի է: «Նրանք շատ ավելի մեծ տրամաչափի զինտեխնիկայով էլ են կրակել։ Կրակել են անգամ 120 մմ անոց հրազենով: Մեր տղաները ամուր են, հիմա շատ կարևոր է, որ թիկունքը եւս ամուր լինի: Նման գործողություններով հակառակորդը շատ հաճախ հենց նպատակ ունի թիկունքում խուճապ առաջացնել»,-ընդգծեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը: Ինչ վերաբերում է Ադրբեջանում անցկացվելիք զորավարժություններին, ապա սահմանին նման ակտիվությունը դրանց հետ կապելը Բաբայանը ճիշտ չի համարում: «Նրանք կրակել են եւ զորավարժությունից առաջ, կկրակեն եւ զորավարժությունների ժամանակ, եւ դրանցից հետո»,-ասաց նա: Հիշեցնենք, որ այսօր առավոտվանից շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել սադրիչ գործողություններ: Մասնավորապես` ժամը 12:15-ից սկսած, հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծում է առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա)  ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվում Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը: Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկում են պատասխան գործողություններ: