Արթուր Պետրոսյանը բարդ իրավիճակում է
Հայաստանի ու Չեռնոգորիայի ֆուտբոլի հավաքականների գլխավոր մարզիչները իրարից շատ տարբեր խնդիրներ են լուծելու այսօր Երեւանում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական խաղում: Մեր թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը պետք է ձգտի վերջ դնել հավաքականի անհաջող ելույթների շարքին: Հայաստանի հավաքականը լիովին ձախողել է աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկը՝ կրելով երեք անընդմեջ պարտություն: Ավելին, մեր ընտրանին Երեւանում վերջին անգամ հաջողության հասել է երեք տարի առաջ, երբ աշխարհի 2014թ առաջնության ընտրական խաղում 2:1 հաշվով առավելության էր հասել Բուլղարիայի նկատմամբ: Չեռնոգորիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբիշա Տումբակովիչը, հակառակը, աշխատելու է պահպանել թիմի հաղթական ոգին, զարգացնել մեկնարկային հաջողությունը: Չեռնոգորցի ֆուտբոլիստներն այս ընտրական փուլում արդեն տարել են երկու հաղթանակ, ընդ որում նրանք սեփական դաշտում պարզապես ջախջախել են Ղազախստանի թիմին (5:0), իսկ խմբի ֆավորիտներից մեկին՝ Դանիային, պարտության են մատնել հենց նրա հարկի տակ (1:0): Ներկայումս ավելի բարդ իրավիճակում գտնվում է Արթուր Պետրոսյանը, քանի որ երկարատեւ պարտություններից հետո դժվար է հավատ ներշնչել հոգեբանորեն ճնշված վիճակում գտնվող ֆուտբոլիստներին: Սակայն նա մեծ հույսեր է կապում իր սաների, հատկապես առաջատար Հենրիխ Մխիթարյանի հետ, եւ ցանկանում է թիմին դուրս բերել խորը ճգնաժամից, իսկ երկրպագուներին վերադարձնել մարզադաշտ: Այն, թե ում կհաջողվի իրականացնել իր առջեւ դրած խնդիրը, հայտնի կդառնա այսօր կեսգիշերից մեկ ժամ առաջ, քանի որ Հայաստան – Չեռնոգորիա հանդիպումը ՈՒԵՖԱ-ի պահանջով սկսելու է ժամը 21:00-ին: